Զբոսաշրջիկներն այլևս հնարավորություն չունեն Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում պատահաբար հանդիպել աստղերի․ այնտեղ բացել են նոր տերմինալ, որը նախատեսված է հայտնիների, խոշոր գործարարների և այլ ունևոր ուղևորների համար։
Ակնկալվում է, որ առանձին տերմինալը, որը ստացել է Private Suite անվանումը, թույլ կտա շոու-բիզնեսի ներկայացուցիչներին խուսափել պապարացիների և կպչուն երկրպագուների հետ հանդիպումից։ Տերմինալից ուղևորներին կմոտեցնեն ինքնաթիռին մեքենաներով։ Ինչպես հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին, Լոս Անջելեսի օդանավակայանի սովորական ուղևորը մեքենայից ինքնաթիռի նստարանին հասնելու համար պետք է կատարի 2,2 հազար քայլ, իսկ VIP-հաճախորդը՝ ընդամենը 70։ Տերմինալը հասանելի է բոլոր նրանց, ովքեր կարող են մեկ թռիչքի համար վճարել $4000 դոլար։
Էլիտար տերմինալը կառուցել է Gavin de Becker and Associates ընկերությունը, որը այժմ բանակցություններ է վարում համանման համալիր Նյու Յորքի JFK միջազգային օդանավակայանում բացելու համար։