Մայնի Ֆրանկֆուրտ միջազգային օդանավակայանում ներդրել են նոր ծառայություն: Եթե դուք մեկնում եք տաք երկրներ և այնտեղ ձեզ պետք չի գա ձմեռային հագուստ, այն կարող եք թողնել օդանավակայանի զգեստապահարանում: «Հագուստային ծառայությունը» օրական արժի 50 ցենտ:
Ծանր բաճկոնների և ծավալուն վերարկուների մասին հոգ կտանի օդանավակայանը, իսկ դրանց տերերը կվայելեն արևի տաք ճառագայթները: Ծառայությունը կգործի ոչ միայն ամանորյա տոների ընթացքում, այլև՝ մինչև 2015 թվականի Զատիկի տոները: «Հագուստային ծառայությունը» մաս է կազմում Մայնի Ֆրանկֆուրտ միջազգային օդանավակայանի Great to have you here! (Մենք ուրախ ենք, որ Դուք մեզ հետ եք) ծրագրին, որի նպատակն է առավելագույնս կատարելագործել Գերմանիայի խոշորագույն օդանավակայանի սպասարկումը:
Մայնի Ֆրանկֆուրտ միջազգային օդանավակայանը ուղևորների քանակով երրորդ տեղ է զբաղեցնում Եվրոպայում լոնդոնյան Հիթրոուից և փարիզյան Շառլ դը Գոլից հետո: Այն նաև առաջին օդանավակայաններից մեկն է, որտեղ սկսել են կիրառել ուղեբեռի տեսակավորման ավտոմատ համակարգը: