Ասիայում ճանապարհորդելը թեև հետաքրքիր, բայց, միևնույն ժամանակ, նաև շատ վտանգավոր է: Այստեղ կարելի է հանդիպել մանր ու մեծ խաբեությունների, որոնց արդյունքում ոչ միայն կարող եք փչացնել Ձեր արձակուրդը, այլև մեծ խնդիրների առաջ կանգնել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նախապես տեղեկանալ հնարավոր վտանգների մասին և նրբորեն խուսափել դրանցից: Ասիական երկու երկրների՝ Թայլանդի և Ինդոնեզիայի խաբեբաներին և նրանց հատուկ հնարքներին արդեն ծանոթացել ենք: Հերթը Չինաստանինն է: Այսպիսով…
Հավելյալ ուղեբեռ Չինաստանում
Խաբեբայության այս տեսակը շատ տարածված է Չինաստանում, նրա բոլոր խոշոր տրանսպորտային հանգույցներում: 32-ամյա գրող Թոմ Գլայստերը շրջում էր Կունմին քաղաքի փողոցներով, երբ նրան է մոտենում մի բարյացկամ երիտասարդ, ով ներկայանում է որպես տեղական ավտոկայանի մենեջեր և ասում, որ ցանկանում է բարելավել իր անգլերենը: «Մեր զրույցի ընթացքում ես նրան պատմեցի իմ՝ Վիետնամ մեկնելու բոլոր մանրամասները,-հիշում է գրողը,-Հետո ես մոռացա նրա մասին՝ մինչ հանդիպեցի նրան կրկին ավտոբուսի կայարանում: Նա շատ ուրախ էր ինձ տեսնելու համար: Մենք միասին նստեցինք ավտոբուս, որպեսզի նա ցույց տար ինձ իմ տեղը»: Պարզվում է, որ երիտասարդը խմբավար է: Նա վերցնում է տոմսը, ասում, որ ամեն ինչ նորմալ է՝ բացի ուղեբեռի քաշից: Այն թույլատրելի քաշից ծանր է: «Ինձ խնդրեցին վճարել հավելյալ քաշի համար: Ես հրաժարվեցի: Նա ասաց, որ կարող են խնդիրներ ծագել կայարանի անվտանգության աշխատակիցների հետ, բայց ես պնդեցի, որ ոստիկանություն կանչեն»,-պատմել է Գլայստերը:
«30 րոպե վիրավորանքներից, ահաբեկումներից և նույնիսկ ինձ հարվածելու փորձից հետո «կեղծ խմբավարը» և ավտոբուսը մեկնեցին: Դա սարսափելի էր, քանի որ ես չգիտեի ճանապարհի հետևանքները»,-պատմում է ճանապարհորդը: Չինաստանում աշխատող բոլոր էքսկուրսավարները խորհուրդ են տալիս անտեսել նման մարդկանց և նրանց մասին տեղեկացնել օդանավակայանի կամ կայարանի իշխանություններին: Մի հավատացեք նրանց խոսքերին և միշտ պահանջեք այդ ամենը հաստատող փաստաթղթեր: