Ասում են, թե իսկական զբոսաշրջիկը խաբված զբոսաշրջիկն է: Եվ, ցավոք սրտի, մեզանից յուրաքանչյուրն էլ զգացել է այս ճշմարտությունը իր սեփական մաշկի վրա: Մենք՝ բոլորս էլ գնել ենք շատ թանկարժեք հուշանվերներ, մեծ գումար ենք վճարել տաքսիստին և նույնիսկ վճարել ենք գոյություն չունեցող ծառայությունների դիմաց, որոնք այսպես, թե այնպես փորձում են մեզ պարտադրել: Բայց, ըստ էության, սրանք ընդամենը ծաղիկներն են՝ համեմատած այն խոշոր խաբեբայությունների հետ, որոնց կարելի է հանդիպել Ասիայում: Այսօր մենք Ձեզ կներկայացնենք Թայլանդում, Ինդոնեզիայում և ասիական այլ երկրներում ամենատարածված խաբեբայությունները: Արևելքը բարդ երևույթ է, բայց մենք էլ երեկ չենք ծնվել…
Եթե աշխարհում կա հիմար, ապա նա գոյություն ունի, որպեսզի իրեն խաբեն: Բայց շատ հաճախ խաբվում են նաև խելացի մարդիկ: Այստեղ ամեն ինչ կախված է խաբեբայի սրամտությունից, ով ունակ է խորամանկ հնարքների միջոցով թալանել իր զոհին: Բայց մի′ վախեցեք. ով իրազեկված է, նա պաշտպանված է: Ճանապարհորդական alltravels.com.ua պորտալը ներկայացնում է Ասիայում ամենաշատը տարածված մի քանի կեղծարարություններ: Ինչպես պարզվել է՝ զբոսաշրջիկները հաճախ ավել են վճարում տաքսիստին և հավատում էքսկուրսավարների խորամանկ հնարքներին:
Ջեմ-հնարք. Բանգկոկ, Թայլանդ
Ինչպես գրում են փորձագետները՝ այս հնարքը ամենատարածվածն է Բանգկոկում: Այն սովորաբար տեղի է ունենում Մեծ պալատի մոտ, որտեղ զբոսաշրջիկներին հայտնում են, թե, իբրև, պալատը փակ է թագավորի բացակայության կամ այլ հատուկ արարողության պատճառով: Դրանից հետո նրանց առաջարկում են այցելել այլ տաճար, որտեղ կարելի է հասնել տաքսիով ( մասնավորապես՝ «տուկ-տուկով»), և կրկին դրանով վերադառնալ հետ: Այլ կերպ ասած, զբոսաշրջիկները գալիս են տեսնելու մի տեսարժան վայր, բայց նրանց խաբելով ուղարկում են ուրիշի մոտ՝ արդյունքում կորզելով մեծ թեյավճարներ:
Բացի այդ, զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զգույշ լինել Բանգկոկում թանկարժեք քարեր գնելիս: Որպես կանոն՝ տուկ-տուկի (տեղական տարածված փոխադրամիջոց՝ նման անվակառքի) բարյացկամ վարորդը կսկսի պատմել Ձեզ կառավարության անցկացրած թանկարժեք քարերի հատուկ ակցիաների մասին: Պարզվում է մեկ օրով այս կամ այն խանութում անցկացվում է թանկարժեք քարերի ուլտրա-բացառիկ զեղչային ակցիա: Այդպիսով, միամիտ զբոսաշրջիկները, հավատալով վարորդին, գնում են այնտեղ գնումների, իսկ խանութը վաճառքից մեծ տոկոսներ է տալիս տուկ-տուկի վարորդին: Խանութում զբոսաշրջիկներին ագաթի, ռուբինի և այլ թանկարժեք քարերի տեսքով վաճառվում է սովորական ապակի՝ գեղեցիկ տեսքով և վառ գույներով: Ընդ որում՝ կեղծիքը անզեն աչքով հայտնաբերել գրեթե անհնարին է: Խաբեբայությունը գործում է այլ ապրանքների դեպքում ևս՝ ոսկի, արծաթ, մետաքս և այն ամենը, ինչ Ձեզ կհետաքրքրի:
Շարունակելի…
Հ.Գ.Առաջիկայում ծանոթացեք նաև Ինդոնեզիայում և Չինաստանում տարածված խաբեբայություններին: