Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղ այցելել են երկու անգամ ավելի օտարերկրյա զբոսաշրջիկներ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
Անցած տարվա ընթացքում շուրջ 16 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ է եղել Լեռնային Ղարաբաղում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ զբոսաշրջության աճը վկայում է, որ ի հեճուկս Արդբեջանի, որը տարատեսակ խոչընդոտներ է հարուցում, հաջողվել է Արցախը դարձնել մի վայր, որտեղ զբոսաշրջիկն իրեն հանգիստ ու ապահով է զգում:
«Զբոսաշրջության ոլորտում պետությունն իրականացնում է համադրված քաղաքականություն», – ասաց Շահվերդյանը` առանձնացնելով երկու ուղղություն` «նպատակային շուկաներում բարենպաստ իմիջի ձևավորումը» և «երկրի ներսում զբոսաշրջիկի համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը»:
Նրա խոսքով` ընդլայնվել են զբոսաշրջային երթուղիները. այլևս չեն սահմանափակվում այցելություններով Ստեփանակերտ, Շուշի ու Գանձասար. – «Մենք ունենք Տիգրանակերտի հնագիտական թանգարան, բարեկարգված Տնջրի ծառ, մի քանի այլ զբոսաշրջավայրեր»:
Շահվերդյանը գոհունակությամբ նշել է, որ ավելացել են Արցախ այցելող «ոչ տրադիցիոն զբոսաշրջիկները». – «Եթե նախկինում գալիս էին ավտոբուսով և կազմակերպված պտտվում էին, ապա մենք այսօր տեսնում ենք, որ մարդիկ իրենց ուժերով, առանձին խմբերով գալիս են այստեղ, և արդեն ամբողջ Ղարաբաղը դառնում է զբոսաշրջավայր, որովհետև ըստ նախընտրությունների մարդիկ գնում են անտառներ, շատ հեռու գտնվող հուշարձաններ, լեռնագնացության և այլն»:
Ըստ պաշտոնական տվյալների, մեկ զբոսաշրջիկը Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ծախսում է միջին հաշվով հարյուր դոլարին համարժեք դրամ: Անցած տարի զբոսաշրջիներն այստեղ ծախսել են շուրջ 6 մլն դոլար:
«Իրականության մեջ կկարծեի Ղարաբաղը փոքր, գյուղի պես փոքր: Տեսա, որ շատ-շատ մեծ է, ընդարձակ է: Չէի հուսար, որ այսչափ անուշիկ է», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Քուվեյթից եկած հայազգի մի զբոսաշրջիկ: / Աղբյուրը՝ azatutyun.am