Արթիկը կարող է մրցել Ծաղկաձորի հետ

Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին փռված Արթիկը կարող է մարզական զբոսաշրջության կենտրոն դառնալ և ձեռնոց նետել Ծաղկաձորին:

Արթիկը կարող է մրցել Ծաղկաձորի հետԼեռնատափաստանային բնական գոտին թույլ է տալիս Արթիկի քաղաքային իշխանությանը զբոսաշրջության զարգացման ծրագրեր մշակել: Համայնքի միջով հոսում են Մանթաշ գետի Գոմշաձոր և Մովրովի վտակները: Քաղաքը հարուստ է ժայռերից և գետնի տակից բխող աղբյուրներով: Շատերն են այստեղ հավատում ոչ միայն բարձր լեռնային օդի, այլ նաև աղբյուրների բուժիչ հատկությանը, ինչն այստեղ զբոսաշրջության զարգացման նպաստավոր պայմաններից միայն մեկն է: Արթիկի զբոսաշրջային ապագային հավատացողները վստահ են, որ հենց Արթիկի միջոցով է հնարավոր զարգացնել դահուկային զբոսաշրջությունը Հայաստանում:

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը համոզված է՝ զբոսաշրջային ծրագիրը կյանքի կոչելու դեպքում Արթիկը տուրիզմի կենտրոն կդառնա:

«Տեղանքը թույլ է տալիս մինչ 15 կմ երկարությամբ վազքուղի ստեղծել, 10 կմ երկարությամբ վազքուղի ստեղծելու դեպքում էլ այն աշխարհում եզակի կլինի: Ձյունն էլ խնդիր չէ: Արագած սարը միշտ ձնառատ է: Արթիկում տուրիզմի զարգացման հիմքը հենց սա կարող է լինել»,- ասում է Մխիթար Վարագյանը՝ փաստելով, որ ներդրումներն այդ ծրագրին ուղղորդելու նպատակով արդեն բանակցություններ են տարվում եվրոպական մի քանի կազմակերպությունների հետ: Խոսքը 15 մլն դոլարի մասին է: «Լուրջ ծրագիր է՝ լուրջ ներդրումներ պահանջող: Եթե դահուկային վազքուղին լինի, կլինի նաև հանգստ գոտի, հյուրանոց: Եթե ձմեռը այս հնարավորությունն ունենք, ամռանն էլ հանգստի համար հնարավորությունը մեծ է. նույն տարածքում տարիներ առաջ ճամբար է եղել, որը հիմա ավերակի է վերածվել: Ուզում ենք դա վերականգնել: Սա տուրիզմը խթանելու համար շատ մեծ ու լավ ծրագիր կլինի: Ծրագիրն արդեն գրվում է և առաջիկայում կներկայացվի ՀՀ վարչապետին: Հուսանք՝ հավանության կարժանանա»,- ասում է Արթիկի քաղաքապետը: Գյումրու Ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը նույնպես հավատում է, որ Արթիկը կարող է զբոսաշրջային կենտրոն դառնալ: «Արթիկի տարածաշրջանում ռելիեֆը թույլ է տալիս հրաշալի վազքուղի ստեղծել դահուկավազքի համար: Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ոչ միայն տուրիզմը հնարավոր կլինի զարգացնել, այլ նաև այս մարզաձևում մեծ արդյունքների հասնել»,- վստահեցնում է նա:

Դեռ 80-ական թվականներին Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմը մարզումներն անցկացրել է Արթիկի տարածաշրջանում: Այստեղ է անցկացվել նաև Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Խորհրդային տարիներին Արթիկը եղել է զարգացած արդյունաբերական քաղաք: Այսօր այն ունի զարգանալու նոր հեռանկարներ, միայն թե մինչ այդ պետք է ծրագիրը մշակել, ներդրողներ գտնել ու ցանկալի նպատակները կյանքի կոչել:

Աղբյուրը` Sputnik Armenia

You might also like