Սարդարապատի հուշահամալիրում 2012թ. հուլիսի 11-ին տեղի կունենա հայկական ազգային-ավանդական ճաշատեսակի՝ տոլմայի փառատոն:
Այն կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը։
Միջոցառման նպատակը հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է և հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը, ինչպես նաև տոլմայի ներկայացումը որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն տարածված թյուր կարծիքը, թե այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի:
Տոլման հայերի ամենասիրած, ամենամասսայական կերակրատեսակներից է և հայ մշակույթի մեջ ունի նաև ծիսական նշանակություն: Տոլմայի պատրաստումը ժամանակատար աշխատանք է և բավական բարդ տեխնոլոգիա ունի: Ավանդական տոլման եղել է գառի մսով և խաղողի թփով:
Փառատոնի ժամանակ 20 տաղավարներ ներկայացնում են իրենց պատրաստած տոլմայի տեսակները, ինչպես նաև անց է կացվում մրցույթ` լավագույն տոլմա պատրաստողին որոշելու համար:
Ստանալով շատ դրական արձագանքներ տոլմայի փառատոնի մասին, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն որոշել է այն դարձնել ամենամյա միջոցառում: / ԹԵՐԹ.am