Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնին մասնակցելու են մոտ 30 երկրներ

Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնին մասնակցելու են մոտ 30 երկրներՈչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը լրագրորղների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ յուրաքանչյուր տարի Հայաստանում կայանում է անկախ ֆիլմերի համահայկական փառատոն: Այս տարի այն նախատեսվում է անցկացնել մայիսի 25-29-ը, դեռևս չի ընտրվել միայն փառատոնի անցկացման վայրը, որին հավակնում են Ծաղկաձորն ու Աղվերանը: Փառատոնին մասնակցության հրավեր է ուղարկվելու մոտ 30 երկրների:

«Կազմակերպվելու են կլոր սեղաններ ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ: Ոչ կոմերցիոն ֆիլմերի ասելիքը շատ սուր է, քանի որ առաջնային է ոչ թե գումարը, այլ գաղափարը: Հայաստանում նման ֆիլմերն աստիճանաբար շատանում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Panarmenian.net-ի փոխանցմամբ հայկական ֆիլմերը ևս պարբերաբար մասնակցում են միջազգային փառատոնների, օրինակ, փետրվարի 21-24-ը Լեհաստանում Արշակ Զաքարյանի «Կինը. ֆիլմ- ուղերձ մեր թշնամիներին» ֆիլմը մասնակցելու նմանատիպ փառատոնի: Նախնական փուլում ներկայացված են եղել 451 ֆիլմ, որոնցից ընտրվել են մոտավորապես 110-ը, և դրանց թվում երկու հայկական ֆիլմեր են: Մեկը Զաքարյանի 12 րոպեանոց ֆիլմն է, մյուսը ֆրանսիահայ Լյուսկա Խալափյանի աշխատանքը:
Արտաշես Հովհաննիսյանը UNICA-ի (ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի միջազգային միություն ) կոմիտեում է և տարբեր միջազգային փառատոններում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Նրա խոսքով, դա հիանալի հնարավորություն է ընձեռնում ներկայացնել հայկական ֆիլմերը: