Հայաստանյան հյուրանոցներն առաջիկայում հնարավորություն կստանան ստանալու «դելյուքս» որակավորում: Այսօր` մարտի 22-ին, կառավարությունը հավանություն է տվել «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:
Ներկայում Հայաստանում գործում է ողջ աշխարհում լայնորեն ճանաչված եւ ամենատարածված 1-5 աստղանի կարգերով հյուրանոցների որակավորման ընթացակարգը` կամավորության սկզբունքով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն` 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի դելյուքս» կարգի ներդրումը կնպաստի շքեղ հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաեւ առավել բարձր որակական պահանջներ ներկայացնող զբոսաշրջիկների ներգրավմանը: / News.am