Հայաստանում հյուրանոցները շատ քիչ են

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Ալեքսան Զաքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ զբոսաշրջային մի շարք կազմակերպություններ Հայաստան չեն հրավիրում իրենց հաճախորդներին` հյուրանոցային համարների սակավության պատճառով:

«Հայաստանում հյուրանոցային համարները շատ քիչ են, և այս ամառային շրջանում այն չի բավարարում տուրիստներին տեղավորելու համար: Նախկինում հյուրանոցային բացը լրացնում էր «Դվին» հյուրանոցը, որն այժմ չկա»,- ասաց Ալեքսան Զաքյանը: Հարցին, թե որքա՞ն հյուրանոցային համար կա Հայաստանում, Ալեքսան Զաքյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ եղածներից էլ քչերն են համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ գներն էլ շատ բարձր են: «Հայաստան եկող մեկ տուրիստին անհրաժեշտ է միջինը 1500 եվրո, սակայն այդ գումարով վերջինս կկարողանա ծովափնյա ավելի լավ ու որակյալ հանգիստ կազմակերպել»,- նշեց Ալեքսան Զաքյանը:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանն իր հերթին ասաց, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ոլորտում այս տարի նկատելի առաջընթաց կա, սակայն կոնկրետ թվեր դեռևս հայտնի չեն: «Հայաստանը, բնականաբար, Բրազիլիա չէ, որ գան կառնավալներ տեսնեն, Հայաստանը չունի նաև ծով, սակայն Հայաստանը եկող տուրիստներին գրավում է մեր պատմամշակութային վայրերի առատությամբ»,- ասաց Արմինե Ադամյանը՝ ավելացնելով, որ հարկավոր է որոշ միջոցառումներ կազմակերպել Հայաստան այցելողների համար: Աղբյուրը՝ ԹԵՐԹ.am

You might also like