Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, փետրվարի 16-ին, հանդիպումներ է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի եւ Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ եւ քննարկել երկկողմ մշակութային ծրագրերի իրականացման մանրամասները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են նաև, որ քննարկվել է Երեւան և Բեյրութ քույր քաղաքների համագործակցության հեռանկարները:
Դեսպան Քոչարյանը նախարար Լեյունին եւ Բեյրութի քաղաքապետին փոխանցել է հայկական կողմի պաշտոնական հրավերները մասնակցելու ապրիլին Երեւանում կայանալիք միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500- ամյակին եւ Երեւանը 2012թ.-ի գրքի համաշխարհային մայրաքաղաքային տոնակատարություններին:
Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաեւ, որ 2012թ. աշնանը Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Մշակույթի նախարարի հետ քննարկվել է նաեւ Լիբանանում հայկական երաժշտական տարեկան փառատոն կազմակերպելու հնարավորության հարցը: / News.am