Հայաստնը պետք է ավելի շատ քարոզի պատմական եւ մշակութային իր ժառանգությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության Տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Իգոր Զորինը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում տեղի են ունեցել գիտա-զբոսաշրջային առաջին գիտարշավը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի ջանքերով: Գիտարշավը նվիրվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին եւ ուղղված է Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու ուղիների որոնմանը, Ռուսաստանից, հետագայում նաեւ` ԱՊՀ այլ երկրներից զբոսաշրջիկների քանակի ավելացմանը: Գիտարշավի մասնակիցները կճանապարհորդեն ավտոբուսներով եւ կանցնեն մոտ 1600 կմ տարածք:
Ռուս փորձագետի խոսքով, աշխարհը շատ քիչ բան գիտի Հայաստանի պատմամշակութային ժառանգության մասին: «Պետք է բառիս բուն իմաստով օդանավակայանում կախել «Դուք մուտք եք գործել աշխարհի առաջին քրիստոնեա պետություն», – օրինակ է բերել Զորինը: Խոսելով գիտարշավի մասին` ռեկտորը արձանագրեց, որ այն հաջող է ընթացել, որի մասնակիցները համախմբվել եւ ընկերացել են իրար հետ: «Մեր նպատակը` ներկայացնել այն, ինչի մասին աշխարհը քիչ գիտի », -ընդգծել է Զորինը:
Իր հերթին, Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը ընդգծել է, որ «Մենք պետք է ետ բերենք ռուս զբոսաշրջիկին», սակայն, Մինասյանի կարծիքով, ունենք որակյալ կադրերի եւ ենթակառուցվածքների պակասություն:
Գիտարշավի արդյունքների հիման վրա փաստաթուղթ կընդունվի, իսկ հետագայում ՅՈՒՆԵՍԿՈ-ին եւ Տուրիստական համաշխարհային կազմակերպությանը կներկայացվեն երթուղիները եւ հուշարձանների ցուցակը: Արդեն հայտնի է, որ պոտենցիալ զբոսաշրջիկներին կներկայացվեն այնպիսի տուրիստական երթուղիներ, որոնք ընդհանուր կարծիք կտան Հայաստանի մասին, «Կրոնական ուխտագնացություն», ռուսների համար նախատեսված հատուկ երթուղի, Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի երթուղի, ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համար «Ոսկյա ժառանգություն», «Հայաստանի մետաքսե ճանապարհը» համաշխարհային զբոսաշջության համար եւ այլն: Նախատեսվում է նաեւ Տուրիզմի հայկական ինստիտուտում բացել կրոնական ուխտագնացության ֆակուլտետ: Առաջին երթուղին կլինի դեպի Արագած, որը նախատեսված է 2013 թ-ի մայիսին: / Աղբյուրը՝ News.am