Հայաստանում գրանցվել է ներքին զբոսաշրջության աճ

Հայաստանում 7.2 %-ով ներքին զբոսաշրջության աճ է գրանցվել 2011 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ազգային վիճակագրական վարչությունից, զբոսաշրջիկների խմբային եւ անհատական տեղավորման կացարաններում,  2011-ին տեղավորվել են 489.419  զբոսաշրջիկներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 456.432-ի փոխարեն:

Հայաստանի տարածքում հանգիստն ու ժամանցը կազմակերպած զբոսաշրջիկների թիվն աճել է` 312.567, նախորդ տարվա` 258.872-ի փոխարեն: Աճել է նաեւ գործնական նպատակով ներքին զբոսաշրջիկների թիվը` կազմելով 114.426, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 107.104-ի փոխարեն: Իսկ բուժման համար Հայաստանում հանգստացողների թիվը նվազել է` կազմելով 29.144 մարդ, նախորդ տարվա` 50.362-ի համեմատ:

Ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն որեւէ երկրի բնակիչների ճանապարհորդությունն իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24  ժամ եւ ոչ ավել քան անընդմեջ 1  տարի ժամանակով ու ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում: Տվյալներն արտացոլում են միայն հյուրանոցներում, հյուրանոցային հանգրվաններում, առողջարաններում, հանգստյան տներում հաշվառված զբոսաշրջիկների թիվը: / Արմենպրես

You might also like