ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում աշխատում են զբոսաշրջության ոլորտում իրավական դաշտի ձևավորման ուղղությամբ։ «Ոլորտի զարգացմանն ուղղված բանակցում ենք մի շարք երկրների հետ, այս պահին Չինաստանի հետ ենք գործընթաց սկսել, որի արդյունքում իրենց շուկայի համար Հայաստանը կունենա «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ», – այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը՝ հավելելով, որ նմանատիպ բանակցություններ կլինեն նաև Եգիպտոսի, Շրի Լանկայի, Քաթարի, Հորդանանի և Իսպանիայի հետ։
Պաշտոնյան կարծում է նաև, որ Հայաստանում պետք է զարգացնել զբոսաշրջային մի նոր ուղղություն, այն է՝ հադիպումների, կոնֆերանսների, միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը։
«Երևանում կայացած միջազգային համաժողովի օրերին մենք այստեղ անցկացրեցինք նաև ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին ԱՊՀ անդամ մի շարք պետությունների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ»,- ասաց նա՝ հավելելով, որ հյուրերը կարծիք են հայտնել, որ Հայաստանը զբոսաշրջության համար ապահով և վստահելի երկիր է։
Նրա տեղեկացմամբ, մինչև տարեվերջ Իսպանիայի բրենդային հյուրանոցների 4-5 ներկայացուցիչներ կայցելեն Հայաստան՝ բանակցություններ վարելու և հետագայում հյուրանոցային բնագավառում նեդրումներ կատարելու նպատակով։ | Աղբյուրը՝ ԹԵՐԹ.am