Մարտ ամսվա կեսերից իրանցի զբոսաշրջիկների անհամեմատ մեծ թիվը երևանյան փողոցներում այլևս ոչ ոքի չի զարմացնում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս բազմաթիվ իրանցիներ Նովրուզը նշում են Հայաստանում, որն սկսվում է մարտի 21-ին և շարունակվում տասը օր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, այս տարի նույնպես, հավանաբար իրանցի զբոսաշրջիկների թիվը մարտ ամսին կգերազանցի 20.000-ը:
«Նախորդ տարի՝ 2011թ-ին մարտի 15-ից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել շուրջ 25.000 իրանցի զբոսաշրջիկ, 2010-ին՝ 21 000-ից մի փոքր ավելի»,- ասաց նա և ավելացրեց, որ, ըստ վիճակագրության, նրանցից յուրաքանչյուրը Հայաստանում գտնվելու ընթացքում ծախսում է 700-ից շուրջ 1000 ԱՄՆ դոլար:
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ընդունել ցանկացած քանակի զբոսաշրջիկ, որոնք բացի հյուրանոցներից, ապրում են նաև վարձու բնակարններում: Հյուրերի հետարքրությունները չի սահմանափակվում միայն Երևանով և նրանց հիմնական մասը այցելում է Հայաստանի պատմամշակութային վայրեր:
«Հայաստանը վերջին մի քանի տարում է բացահայտվել պարսկական շուկայի համար: Իսկ տարեցտարի նման քանակի աճը ցույց է տալիս, որ նրանք գոհ են մեր երկրի թե՛ վերաբերմուքնից, թե՛ ծառայություններից: Դա մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի»,- ասաց նա և բացատրեց, որ պետք է հաշվի առնել, որ մեկ գոհ զբոսաշրջիկը 100 նոր զբոսաշրջիկներ կարող է բերել, և ընդհակառակը:
Մեխակ Ապրեսյանը նաև նկատեց, որ Հայաստան իրանցիների ներհոսքը պայմանավորված է նաև նրանով, որ Իրանի համեմատ Հայաստանում օրենքներն ավելի ազատական են։
Նշենք, որ աշխարհում Նովրուզը տոնում է մոտ 300 մլն մարդ: Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում, մասնավորապես` Իրանում, համարվում է նոր տարվա սկիզբը։ Նովրուզը (թարգմանաբար նշանակում է նոր օր), գալիս է զրադաշտական կրոնի ժամանակներից եւ շուրջ 3000 տարվա պատմություն ունի։ Այդ օրն Իրանում ընդունված է տոնական սեղանին դնել 7 խորհրդանշական բարիք` խնձոր, փշատ, սխտոր, մետաղադրամ, քացախ, կանաչի, ածիկ, որոնցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի։ / Տեքստը` ԹԵՐԹ.ամ, Լուսանկարները` Azatutyun.am, Ditord.com, ArmeniaNow.com