Հայաստանն ու Իրանը վերացնում են վիզային ռեժիմը

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին, հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը:

Այս համաձայնագրի ստորագրումը, ըստ կառավարության որոշման նախագծի, բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

Երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:

«Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսաշրջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելությունների համար»,- նշված է որոշման նախագծում:

Աղբյուրը © 168.am

You might also like