«Արմավիա» ավիաընկերությունը ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները և սնանկացման գործընթաց է սկսում։ Այս մասին նշվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։ «Ավիացիան մի ոլորտ է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռք բերածի վրա։ Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերության սեփականատերը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիայի» զարգացումն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ վիճակն այնպիսին է, որ շարունակել աշխատանքն այս ձևով այսուհետև հնարավոր չէ։ Այդ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթաց»,- մասնավորապես նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, և նրանց մաղթում է հաջողություն։
«Արմավիայի» հաղորդագրության մեջ նաև ներկայացվում է ընկերության պատմությունը։ Ըստ այդմ, այն ստեղծվել է 1996 թվականին։ 2001 թվականից սկսած ընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել՝ իր ավիապարկում ունենալով 1 ինքնաթիռ, իսկ 2003թ.-ին ավիապարկ է ներգրավվել ևս 3, 2006-ին՝ 7, իսկ 2007-ին՝ 14 ինքնաթիռ։
Ընկերությունը վերջին տարիներին հաճախ էր բախվում ֆինանսական դժվարությունների՝ մասնավորապես խնդիրներ ունենալով «Զվարթնոց» օդանավակայանի օպերատոր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ։
Աղբյուրը` Tert.am