Ալբանիայի քաղաքացիներին ՀՀ գալու համար վիզա չի պահանջվի
Որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում
ՀՀ կառավարության՝ օգոստոսի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ալբանիայի քաղաքացիներին ՀՀ մուտք գործելու համար արտոնագրի պահանջից ազատելու հարցը։
Որոշման հիմնավորման համաձայն, Ալբանիան դեռևս 2013 թվականից ազատել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից, հետևաբար Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սույն որոշման ընդունումը հետապնդում է հայ-ալբանական երկկողմ հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման նպատակ։
«Որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար», – նշվում է հիմնավորման տեքստում։
Նշվում է նաև, որ Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010 թվականից ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին: