Լեռնադահուկային լանջերին հայտնվել են «եղջերավոր կամավորներ»

Ski Lift Lech cowSkilifte Lech ընկերությունը, որը կառավարում է Ավստրիայի Լեխ հանգստավայրի ճոպանուղիները, մշտապես կատարելագործում է իր ծառայությունները: Այս սեզոնին այն  համալրել է վերելակները անվտանգության համակարգով և տաքացվող նստարաններով, ինչպես նաև` ամրացրել է լանջերը: Սակայն, ամենաօգտակար և առաջադեմ տեխնոլոգիան այստեղ համարում են…կովերի օգտագործումը: Ընկերության տնօրեն և հայտնի էկոակտիվիստ Միքայել Մոնհարտը  դեռևս մինչև սեզոնի բացումը ձեռք է բերել 23 շոտլանդական լեռնային կովերից բաղկացած նախիր և նրանց բաց է թողել արածելու լանջերին: Ընդամենը երեք ամսվա ընթացքում նրանք ամբողջովին կերել են  թփերը, որոնք մշտապես խանգարում են դահուկորդներին: Մոնհարտը խոստովանում է, որ զարմացած է կովերի ախորժակի վրա. նրա խոսքերով` նրանք ոչնչացնում են  ամբողջ բուսականությունը, որը հանդիպում է ճանապարհին: Սրանով կենդանիների օգուտը չի սահմանափակվում. նրանց  կճղակները լանջերին ստեղծել են անհավասար ռելիեֆ, ինչը օգնում է կանխել սողանքները: Մոնհարտը այնքան գոհ է իր մեթոդիկայից, որ գնել է ևս յոթ կով և մտադիր է նրանց օգտագործել մյուս սեզոնին: Իսկ ամռանը նրանք ուժ կհավաքեն կանաչ ալպյան հովիտներում:

You might also like