Թիֆլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի հետ համատեղ, ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում ապրիլի 11-ին կազմակերպել էր հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը,ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ցուցահանդեսում ներկայացված էին 5 տասնյակից ավելի գրքեր, որոնցից ամենահներն են 1675 թվականին Հռոմում հրատարակված Յակոբեան Հովհաննեսի պատմությունը, 1760 թվականին Վենետիկում հրատարակված «Հայկական լեզվի Բառգիրքը» եւ 1760 թվականին Էջմիածնում տպագրված «Բուն տօմար հայոցը»:
1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում տպարան հիմնելուց եւ հայերեն առաջին գրքերը տպագրելուց հետո աշխարհում հրատարակված 11 հազար անուն գրքերից 3637-ը տպագրվել է Թբիլիսիում, այդ թվում 1843 թվականին Տփխիսում տպագրված «Առ ձեռն բժշկարանը»::
Թբիլիսիի Ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն նշել է, որ իրենք պարտավոր են իրենց մասնակցությունն ունենալու հայ գրատպության 500-ամյակի նշանավորմանը, քանզի անցյալում Թբիլիսիում գործել են 47 հայերեն տպարաններ եւ տպագրվել ու ընթերցողին են հասցվել տասնյակ հազարավոր հայերեն գրքեր, թերթեր ու ամսագրեր, որոնք այսօր Վրաստանի ազգային գրադարանի գանձարանային ֆոնդի մասն են կազմում: / News.am