Թայլանդի սեքս-արդյունաբերության ամերիկյան ծաղրապատճենումը բարկացրել է այդ երկրի կառավարությանը, որը փորձել է արգելափակել համացանցում տեղադրված նմանակման տեսանյութը: Saturday Night Live ծրագրում ցուցադրվել է թայերեն լեզվի դասընթացի նմանակում: Տղամարդուն գաղտնի սովորեցնում են «հանիր հագուստդ» և «սա ամբո՞ղջ գիշերվա գինն է» արտահայտությունները թայլանդական հռչակավոր գիշերային հաստատություններ այցելելու համար: Թայլանդի Մշակույթի նախարար Սոնտայա Կունպլոեմը, սակայն, չի ծիծաղել այս հումորի վրա:
Ըստ նախարարի` ակնարկը խեղաթյուրում է Թայլանդի ու նրա ժողովրդի պատկերը: Նախարարը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի այն ԱՄՆ-ին հասկացնի, թե որքան վիրավորական է Թայլանդի մասին նման տեսակետ ունենալը, ինչպես նաև` դիմել է Տեղեկատվության նախարարությանը, որպեսզի տեսանյութը հեռացվի համացանցից: Խորը պահպանողական բուդդայական Թայլանդում, որտեղ մերկությունը հեռուստատեսությամբ և տպագիր մամուլում ենթարկվում է խիստ գրաքննության, իսկ մարմնավաճառությունը անօրինական է, սեքս-արդյունաբերությունը բուռն ծաղկում է ապրում:
NBC ալիքով ցուցադրված հումորային պատումը խիստ քննադատվել է համացանցում, բայց որոշ թայլանցիներ, այնուամենայնիվ, ասում են, որ վերջապես կառավարությունը տեսավ փաստեր: Օգտատերերը նշում են, որ կառավարությունը պարզապես աչք է փակում և փորձում է անտեսել խնդիրները` չփորձելով պայքարել դրա դեմ: Գուցե պատճառն այն է, որ այդ խնդրի վերացումը երկրին կզրկի արտաքին զբոսաշրջությունից եկող մեծ գումարներից: