Ամերիկյան զբոսաշրջիկը գիշեր է անցկացրել Իտալիայի Միլանի տաճարի տանիքին, քանի որ պահակները նրան փակել են կառույցի ներսում։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ հուլիսի 25-ին․ հայտնում է Associated Press-ը։
Իլլինոյս նահանգի 23-ամյա բնակիչը, ում ինքնությունը չի բացահայտվում, հայտարարել է Միլանի ոստիկանությանը, որ եղել է զուգարանում, երբ պահակները փակելուց առաջ վերջին անգամ ստուգել են շինությունը։
Աշխատակիցները չեն նկատել, որ ներսում այցելու է մնացել և փակել են տաճարը։ Զբոսաշրջիկը որոշել է մեծ աղմուկ չբարձրացնել։ Նա գիշերն անցկացրել է տաճարի տանիքին։ Թե ինչպես է այնտեղ հայտնվել՝ չի պարզաբանվում։
Առավոտյան աշխատակիցները ազատ են թողել նրան։ Ոստիկանությունը ամերիկացուն ոչ մի մեղադրանք չի առաջադրել։