Ամերիկացի Ջոն Բրենանը ամբողջովին մերկացել է Օրեգոն նահանգի Պորտլենդի օդանավակայանում` ի նշան ԱՄՆ-ի օդանավակայանների անվտանգության խիստ միջոցների դեմ բողոքի: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին:
Պորտլենդի 50-ամյա բնակիչը ծրագրում էր մեկնել Սան Խոսե (Կալիֆորնիա): Նրա խոսքերով` ինքը չէր եկել օդանավակայան հատուկ ակցիայի համար: Բայց երբ մետաղ ստուգող սարքը «ծնգացել» է, Բրենանը բորբոքվել է: Նա հրաժարվել է կրկին անցնել դետեկտորով և մերկացել է. հայտնում է CNN-ը:
Նա համոզված է, որ դա լավագույն միջոցն է ցույց տալու համար, որ իր մոտ ռումբ չկա: Որոշ ուղևորներ սկսել են լուսանկարել և տեսագրել, որոշներն էլ` փորձել են անել ամեն ինչ, որպեսզի իրենց երեխաները չտեսնեն դա:
Բրենանը հրաժարվել է հագնվել, ոստիկանները փաթաթել են նրան ծածկոցով և տեղափոխել ծառայողական տարածք: Այնուհետև նրան տեղափոխել են շրջանի բանտ, հիմա նրան սպասվում է մեղադրանք անպարկեշտ վարքի համար:
Ընդ որում` Ջոն Բրենանի համար հասարակայնորեն մերկանալը նորություն չէ: Նախկինում նա արդեն մասնակցել է Պորտլենդի «մերկ հեծանվարշավին»:
Հիշեցնենք, որ օրերս ամբողջովին մերկացել է նաև Դենվերի մի ուղևորուհի, որին տեղափոխել են հիվանդանոց: