Հնէաբանների միջազգային խումբը շաբաթ օրն ավարտել է հին Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկի` Ամենհոտեպ III-ի 300 տոննա կշռող և 20 մետր բարձրություն ունեցող արձանի տեղադրումը Եգիպտոսի հարավում գտնվող զբոսաշրջային Լյուքսոր (Luxor) քաղաքում: Այս մասին հայտնել է է RIA Novosti-ն:
Հսկայական չափեր ունեցող այդ կոթողը կանգնեցվել է Նեղոսի արևմտյան ափին` այս կերպ ավարտելով Ամենհոտեպի տաճարի վերականգնման նախագծի աշխատանքների առաջին փուլը, որը տևել է ավելի քանի 14 տարի:
Եգիպտոսի հնէաբանության հարցերով նախարար Մուհամեդ Իբրահիմի խոսքով` Եգիպտոսը նույնիսկ անցյալ տարվա հեղափոխության ժամանակ չի դադարեցրել հուշարձանների վերականգնման աշխատանքները` հասկանալով, որ այդկերպ երկիր են ներգրավում նորանոր զբոսաշրջիկների և նպաստում տնտեսության զարգացմանը:
Արձանի առանձնահատկություններից են ոչ միայն դրա չափերը, այլև փարավոնի աջ ոտքի մոտ գտնվող նրա կնոջ` շատ լավ պահպանված բազալտե մարմինը: Մասնագետների կարծիքով` փարավոնի կնոջ արձանը հին եգիպտական քանդակագործության գլուխգործոցներից է:
Ամենհոտեպի տաճարը ավերվել էր 1200 տարի առաջ Վերին Եգիպտոսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: / 1in.am