Ֆիննական ազգային ավիափոխադրող Finnair ընկերությունը կսկսի համագործակցել Marimekko կազմակերպության հետ. 2013 թվականից բոլոր չվերթների ժամանակ սնունդը կմատուցվի Marimekko-ի սպասքով, իսկ հայտնի ապրանքանիշի տեքստիլը կզարդարի ինքնաթիռի սրահը: Ավելին, Finnair-ի երկարաքարշ ինքնաթիռները զարդարված են Marimekko-ի նախշավոր պատկերներով: Նրանցից մեկը` Airbus A340-ը, որը զարդարված է 1964 թվականին ստեղծված Unikko ծաղկային նկարով, արդեն թռիչքներ է իրականացրել Հելսինկիի և մի քանի ասիական քաղաքների միջև:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը՝ 3 տարիների ընթացքում Marimekko-ի էքսկլյուզիվ ապրանքները հնարավոր է ձեռք բերել նաև duty free խանութներից, Finnair-ի ինքնաթիռներից կամ պատվիրել Finnair Plus Shop օն-լայն խանութից: Երկու ֆիննական ընկերությունները ոչ միայն բարելավվում են սպասարկումը, այլև բարձրացնում են հայտնի ապրանքանիշերի վարկանիշը այլ երկրներում: Ավանդաբար Finnair-ը և Marimekko-ն ճանաչում ունեն Ճապոնիայում, բայց, շնորհիվ ֆիննական ավիափոխադրող ընկերության արագ զարգացող ցանցի, Ասիական-Խաղաղօվկանոսյան տարածաշրջանի երկրներում նրանք արագորեն կգրավեն նոր շուկաներ, օրինակ՝ Չինաստանը: