Pakistan International Airlines (PIA) ավիաընկերությունը հաջողացրել է ուղևորին տանել և հետ բերել` մոռանալով իջեցնել նրան նպատակակետում: Ֆրանսուհին Լահորից վերադառնում էր Փարիզ, բայց Ֆրանսիայի մայրաքաղաքում վայրէջք կատարելիս նա քնած է եղել և, արդյունքում, կրկին վերադարձել է Պակիստան: Թռիչքով և վերադարձով ճանապարհորդությունը տևել է 18 ժամ: Խնդիրն այն է, որ PIA-ի այդ չվերթը իրականացվում է Լահորից դեպի միանգամից երկու եվրոպական քաղաք` Միլան և Փարիզ: Սկզբում ինքնաթիռը վայրէջք է կատարում Միլանում, այնուհետև կարճ թռիչք է կատարում դեպի Փարիզ, որից հետո անմիջապես վերադառնում է Լահոր:
Այդպիսով, եվրոպական կանգառների ժամանակ սրահում միշտ գտնվում են ուղևորներ, որոնց համար այդ վայրէջքը միջանկյալ է: Այդ պատճառով Փարիզի վայրէջքի ժամանակ անձնակազմին դժվար է կողմնորոշվել, թե ուղևորներից ով է մեկնել Լահորից և պետք է իջնի այստեղ, և ով է հենց նոր նստել ինքնաթիռ Միլանից և մեկնում Լահոր, հետևաբար` պետք է մնա նստած: Որոշ ավիաընկերություններում այս գործոնները վերահսկվում են բորտուղեկցորդների կողմից` ուղևորների գլուխները հաշվելով, բայց PIA-ն կարծես թե բաց է թողել ավելորդ ուղևորի ներկայությունը: Արդյունքում, պարզաբանումից հետո ուղևորուհուն կրկին ուղարկել են Փարիզ, բայց այս անգամ այլ ավիաընկերության ինքնաթիռով: