Ինքնաթիռները շարունակում են մնալ ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը երկար հեռավորության վրա ճանապարհորդությունների համար։ Այդ մասին մարտի 10-ին հայտարարել է Օդային փոխադրամիջոցների միջազգային ասոցացիան (IATA)։
Այդ եզրահանգմանը IATA-ի փորձագետները հանգել են՝ ուսումնասիրելով 2016 թվականի ընթացքում առևտրային ավիացիայի ոլորտում տեղի ունեցած միջադեպերը։ Այդպիսով, ինքնաթիռների հետ բոլոր տիպի պատահարների միջին հաճախականությունը կազմում է 1,61 անգամ՝ միլիոն թռիչքի հաշվարկով, ինչը 2015 թվականի ցուցանիշից քիչ է (1,79)։
Բացի այդ, 2016 թվականի ընթացքում տեղի է ունեցել 10 ավիավթար, որի արդյունքում մահացել է 268 մարդ։ Դա քիչ է 2011-2015 թվականների միջին ցուցանիշներից։
«Անցյալ տարի շուրջ 3,8 միլիարդ ճանապարհորդ բարեհաջող թռիչք է իրականացրել 40,4 միլիոն չվերթով», —նշել է IATA-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր դե Ժունիակը (Alexandre de Juniac)։ Նրա խոսքերով՝ 2011-2015 թվականների համեմատ 2016 թվականին զոհերով ավիապատահարների նվազումը ցույց է տալիս, որ երկար հեռավորությունների վրա ինքնաթիռով ճանապարհորդությունը շարունակում է մնալ ամենաանվտանգը։