Ընկերների հետ հանգիստը ամենաուրախ ճանապարհորդություններից մեկն է։ Սակայն նման ճանապարհորդություն պլանավորելիս շատերը բախվում են որոշ խնդիրների՝ ուղեկցորդների անպատասխանատվությանն ու վճարի համար անհրաժեշտ միջոցների բացակայությանը։ Այդ պատճառով Airbnb ծառայությունը ներդրել է վճարման նոր համակարգ, որը հարմար է մեծ ընկերախմբով ճանապարհորդողներին։
Առանձին վճարման տեսակ ներդնելու գաղափարը ծագել է ընկերության ղեկավարության գլխում 2016 թվականին օգտատերերի շրջանում անցկացրած հարցումից հետո։ Ընկերների հետ ճանապարհորդություն պլանավորող ճանապարհորդները 175 երկրից նշել են, որ հաճախ խնդիրներ են ունենում ամբողջ ընկերախմբի փոխարեն բնակության վճար տալու հարցում։
Բացի այդ, նման ճանապարհորդության շատ մասնակիցներ կարող են փոխել իրենց պլանները արդեն վճարումը կատարելուց հետո՝ ամբողջ պատասխանատվությունը թողնելով կազմակերպչի վրա։
Իսկ այժմ մեծ ընկերախմբի համար բնակության վայր վարձակալելու հարցում օնլայն հարթակն առաջարկում է կատարել առանձին վճարում 72 ժամվա ընթացքում։ Ուղևորության կազմակերպիչն ու ամենապատասխանատու անձը պարզապես պետք է իր ընկերներին տեղեկացնի վճարման եղանակների մասին և վճարի իր մասը։ Նշված ժամկետի ավարտից հետո իր մասը չվճարած անդամը դուրս կմնա ամրագրումից։