Ջոն Ուեյնի անվան օդանավակայանում (Կալիֆորնիա, ԱՄՆ) հայտնվել է երեք ավտոմատ սարքավորում, որոնք ուղևորներին կսովորեցնեն սրտի անուղղակի մերսման տեխնիկան։ Նախաձեռնությունը սրտաբանների ամերիկյան ասոցացիայինն է․ հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով ABC7-ին։
«Օդանավակայանում սպասող ուղևորները ընդամենը հինգը րոպեում կարող են սովորել սրտի անուղղակի մերսման տեխնիկան։ Մենք հպարտ ենք, որ Ջոն Ուեյնի անվան օդանավակայանում կարելի է հեշտությամբ ձեռք բերել հմտություններ, որոնք կարող են փրկել մարդկային կյանքեր»,-ասել է Օրանջ շրջանի ղեկավար Միշել Սթիլը։
Սարքն ունի սենսորային էկրան, որի վրա հեռարձակվում է սրտի անուղղակի մերսման տեխնիկան ցուցադրող տեսանյութ։ Քայլ առ քայլ ներկայացված հրահանգները լսելուց հետո ավիաուղևորներին առաջարկվում է կիրառել հմտությունները մարդկային կրծքավանդակի ռեզինե մոդելի վրա։ 30-վայրկյանանոց թեստի արդյունքների հիման վրա էկրանին հայտնվում է խորհրդատվություն սրտի շրջանում կիրառվող ճնշման արագության և խորության մասին։