«Air Armenia»-ն սկսում է չվերթներ իրականացնել Զվարթնոց օդանավակայանից

«Air Armenia»-ն սկսում է չվերթներ իրականացնել Զվարթնոց օդանավակայանից«Էյր Արմենիա» ավիաընկերության Երևան–Ռոստով–Երևան առաջին չարտերային չվերթը կայացել է չորեքշաբթի` նշանավորելով ավիաընկերության մուտքն ուղևորափոխադրումների հայկական շուկա։

«Air Armenia» ընկերությունն հայկական առաջին ավիաընկերությունն է, որն ուղևորափոխադրումներ կիրականացնի այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում ընդունեց 2013 թվականի ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգ սկսելու մասին։

Երևան–Ռոստով–Երևան չվերթն իրականացվել է լիզինգով ձեռք բերած Boeing 737-500 ինքնաթիռով։

«Էյր Արմենիա»–ի նախագահ Վահան Հարությունյանի խոսքով` մինչև հոկտեմբերի վերջն ընկերությունը լիզինգով ձեռք կբերի նաև Airbus А-320, իսկ 2014 թվականին ընկերության ուղևորային ավիացիոն պարկը ծրագրվում է հասցնել վեց միավորի։

«Դեպի Մոսկվա կանոնավոր չվերթեր կիրականացվեն հոկտեմբերի 27–ից` օրը երկու անգամ»,– ասել է նա։

Հարությունյանը հայտնեց նաև, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հուլիսի սկզբին «Էյր Արմենիա» ընկերությանը Երևանից դեպի Մոսկվա, Սոչի, Սամարա, Ռոստով, Կրասնոդար և Սանկտ Պետերբուրգ չվերթեր իրականացնելու արտոնագիր է տրամադրել, որոնց իրականացումը կսկսվի նոյեմբերի 15–ից։

«Ձմռանը մենք չվերթեր կիրականացնենք տվյալ ուղղություններով, սակայն հետագայում մտադիր ենք նոր ուղղություններ բացել»,– նշել է ընկերության նախագահը։

Air Armenia–ն հայկական ավիաընկերություն է, որը բեռնատար չարտերային փոխադրումներ է իրականացնում ԱՊՀ–ի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ։ Ընկերությունը գործունեությունը սկսել է 2013թ.–ի մարտի 18–ին։ / Աղբյուրը՝ arka.am

You might also like