Աբխազիան ազատ վիզային ռեժիմ է սահմանում Լեռնային Ղարաբաղի և Մերձդենստրի հանրապետությունների հետ: Այս մասին ռուսական TACC գործակալության թղթակցի հետ զրույցում շաբաթասկզբին ասել է Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Կան Թանիան:
«Արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան հանձնարարել է Աբխազիայի արտգործնախարարության միջազգային-իրավական բաժնին մեր բարեկամների` Մերձդնեստրի Մոլդավական և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների հետ փոխադարձ ազատ այցելությունների մասին համաձայնագրերի նախագծեր մշակել», – հայտարարել է Թանիան` նշելով, որ նման պայմանագրերի նախապատրաստման անհրաժեշտությունը ծագել է այն օրենքի ընդունումից հետո, որի համաձայն՝ Աբխազիայի անկախությունը չճանաչած պետությունների քաղաքացիները ապրիլի 1-ից զրկվում են ինքնահռչակ հանրապետություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից:
«Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող այս օրենքը վերաբերում է բոլոր այն պետություններին, որոնց հետ Աբխազիան ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրեր չի կնքել: Այս պահին Սուխումը նման պայմանագրեր ունի Ռուսաստանի և Նիկարագուայի հետ, իսկ Հարավային Օսիայի հետ ստորագրված համանման փաստաթուղթը վավերացման փուլում է», – նշել է Աբխազիայի ԱԳ փոխնախարարը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ևս չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, ապրիլի 1-ից նաև հայկական անձնագրերով Աբխազիա ազատ մուտք գործելն անհնարին կդառնա: Աբխազական արտգործնախարարության փոխանցմամբ՝ մուտքի վիզաները տրամադրվելու են ռուս-աբխազական սահմանին գտնվող «Փսոու» անցակետում: Պաշտոնական Սուխումը խոստանում է, սակայն, որ աբխազական վիզաների տրամադրումը երրորդ երկրների քաղաքացիների համար այլ պետություններ` նախևառաջ Վրաստան, այցելելու ժամանակ խնդիրներ չի հարուցի:
«Աբխազիա այցելող արտասահմանցիների անձնագրերում որևէ նշում չի կատարվի: Մենք նրանց պարզապես անձնագրի ժամանակավոր ներդիր ենք տրամադրելու», – նշում է ԱԳ փոխնախարարը:
Աբխազական իշխանությունները, այդուհանդերձ, առայժմ չեն հստակեցնում, թե ինչպես են տարբերակելու ազատ մուտքի իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, որոնք, ինչպես հայտնի է, ճանապարհորդում են Աբխազիայի անկախությունը չճանաչած Հայաստանի Հանրապետության տրամադրած անձնագրերով:
Աղբյուրը՝ Azatutyun