Ադու Դաբի էմիրության (ԱՄԷ) տուրիզմի և մշակույթի հանձնաժողովը խնդրել է զբոսաշրջիկներին չկրել կարճ և նեղ հագուստ էմիրության տարածքում, որպեսզի խուսափեն անցանկալի ուշադրությունից. հայտնում է The National պարբերականը: «Մենք չենք թելադրում կոնկրետ դրեսս-կոդ Ռամադանի ընթացքում, բայց խնդրում ենք ոչ մահմեդական և կանանց, և տղամարդկանց կրել պահպանողական հագուստ»,-հայտարարել է հանձնաժողովի ռազմավարության և քաղաքականության գծով տնօրեն Մուհամեդ Ալ Կ Դահերը:
Նա նաև նշել է, որ ակնկալում է օտարերկրացիների հարգանքը դեպի ԱՄԷ-ի ավանդույթները և սովորությունները, հատկապես, եթե նրանք ճանապարհորդ են: Նրա խոսքերով՝ կանայք պետք է փակեն իրենց ուսերը և ոտքերը: Էմիրության հյուրերին խնդրում են նաև չուտել, չխմել և չծխել հասարակական վայրերում ցերեկվա ժամերին: Նրանք դա կարող են անել իրենց հյուրանոցային համարներում:
Ինչ վերաբերվում է լողազգեստներին, ապա հանձնաժողովի ներկայացուցիչը հավելել է, որ հասարակական լողափերը, հյուրանոցների մասնավոր լողափերը և լողավազանները Ռամադանի շրջանում բաց կլինեն և դրանց տարածքում կարելի է կրել լողազգեստ: «Բայց մենք կրկին խնդրում ենք զբոսաշրջիկներին ուշադիր լինեն լողազգեստների ընտրության հարցում»,-ավելացրել է նա: