Սաուդյան Արաբիայի արքայադուստրը փորձել է փախչել Փարիզի հյուրանոցից` չվճարելով հաշիվը: Ինչպես գրում է ֆրանսիական մամուլը` արքայադուստր Մահա ալ Սուդաինին` Սաուդյան Արաբիայի արքայազն Նաիֆ իբն Աբդել Ազիզի նախկին կինը, հունիսի 1-ի գիշերը փորձել է լքել Shangri-La հյուրանոցը` չվճարելով 6 միլիոն եվրո: Նրան ուղեկցել է 60 հոգանոց շքախումբը` բեռնված ծանր ճամպրուկներով: Սակայն հյուրանոցի դռնապահներին ոստիկանների օգնությամբ հաջողվել է կանխել դա. հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Արքայադուստրը հյուրանոց է եկել անցած տարվա դեկտեմբերին և իր շքախմբով տեղավորվել 40 համարում, այդպիսով` զբաղեցնելով ամբողջ հարկը: Shangri-La-ում նրա գտնվելու ամեն օրը արժեցել է 20 հազար եվրո, իսկ բնակության ամբողջ վճարը կազմել է 16 միլիոն եվրո: Բայց հանկարծ արքայադուստրը զրկվել է նախկին ամուսնու ֆինանսական աջակցությունից: Հասկանալով, որ հյուրանոցի ամբողջ պարտքը փակել իրեն չի հաջողվի, արիստոկրատուհին որոշել է թաքնվել: Նա որոշել է տեղափոխվել Royal Monceau հյուրանոց, որը պատկանում է Քաթարին:
Ֆինանսական անախորժություններ այս ազնվազարմ անձնավորության հետ առաջին անգամ չէ որ պատահում է. հայտնում է Lenta.ru-ն: Այսպիսով, 2009 թվականին արքայադուստրը 89 հազար եվրո պարտք է մնացել Փարիզի ոսկերչական խանութներից մեկին: Իսկ Aux caprices de Lily ներքնաշորերի խանութի սեփականատերը մի անգամ հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Այնպիսի տպավորություն է, թե մենք միայնակ պայքարում ենք Սաուդյան Արաբիայի հարստության չափով երկրորդ մարդու դեմ: Սա խենթություն է. մինչ նրանց հայրենիքում ձեռք են կտրում մի կտոր հաց գողանալու համար, նրանք գալիս են Եվրոպա և կարծում, թե իրենց ամեն ինչ կարելի է»: Սակայն, չվճարելով հաշիվները, սաուդյան արքայադուստրը մեծ ռիսկի չի գնում, քանի որ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն: