BarCamp Yerevan 2012-ին կլինեն հյուրեր արտասահմանից

Տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիա ոլորտների ամենամեծ «չկոնֆերանս» «ԲարՔեմփ Երևան 2012»-ին այս տարի ևս մասնակցելու և բանախոսելու են հատուկ հրավիրված հյուրեր արտասահմանից: ՍիվիլՆեթի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչների թիմի անդամ Արփինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ առայժմ հյուրերը երեքն են:

«ԲարՔեմփին Ճանաչված ռուս բլոգեր և լուսանկարիչ Պյոտր Լովիգինը կներկայացնի իր հիմնական նախագծերը: Հյուրերի շարքում է նաև սոցիալապես խոցելի խավերի խնդիրների նորարար լուծումների փորձագետ Դարյա Ալեքսեևան: Նա կպատմի, թե ինչպես աջակցել այդ խավերին նորարար տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչպիսին են օնլայն կամավորությունը, խաղային բջջային ծրագրերը և այլն»,-նշեց Արփինե Գրիգորյանը:

«ԲարՔեմփ Երևան 2012»-ի երրորդ հյուրն է Միջազգային հեռարձակման մարկետինգի խորհրդական և թրեյներ Մայք Վիլերս-Ստյուարտը, որը հանդես է գալու երկու ներկայացմամբ՝ «Սոցիալական ցանցերում բովանդակություն տարածելու յուրօրինակ մեթոդներ. միջազգային օրինակներ» և «Ինչպես ստեղծել յուրօրինակ բովանդակություն, որը մարդիկ հավանեն և ցանկանան տարածել»:

Արփինե Գրիգորյանը նշել է նաև, որ սպասվում են ևս մի քանի հյուրեր, որոնց թվում են լինելու հայտնի ռուսական լրատվական գործակալության՝ «РИА Новости»-ի աշխատակիցներ:

«BarCamp Yerevan 2012»-ն անցկացվելու է հունիսի 9-10-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Կազմակերպիչներն ակնկալում են ավելի քան հազար մասնակից:

«ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու ժամանակակից ձևաչափ է, որն առաջին անգամ անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում, ապա ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով այսպես կոչված՝ «չկոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp  կոնֆերանսն անցկացվում է 2009թ.-ից։

You might also like