Լոնդոնում զբոսաշրջիկներին առաջարկում են ճաշել յոթերորդ երկնքում

Բրյուսելում և Միլանում նախագծի հաջող շնորհանդեսից հետո Cube by Electrolux շարժական ռեստորանը, որն առաջարկում է իր այցելուներին եզակի հնարավորություն ճաշելու` վայելելով քաղաքի պանորամային տեսարանը, երեքամսյա կանգառ  կունենա Լոնդոնում:

2012 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը Cube-ը կտեղակայվի Թագավորական փառատոնային դահլիճում (Royal Festival Hall), որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի բրիտանական մայրաքաղաքը. հայտնում է VisitBritain-ը: Ռեստորանի ճաշացանկը նույնպես խոստանում է լինել ոչ պակաս տպավորիչ: Դուք կարող եք համտեսել ուտեստներ  Քեմբրիջի Midsummer House ռեստորանի ավագ խոհարար, Kudos ռեստորանի  տնօրեն,  Միշլենի երկու աստղ ունեցող Դենիել Քլիֆորդի  (Daniel Clifford) կողմից:  Ընդ որում` Քլիֆորդը Մեծ Բրիտանիայի միակ ավագ խոհարարը չէ, ով այս ամառ ի Թագավորական փառատոնային դահլիճում  կհյուրասիրի շարժական ռեստորանի հյուրերին: Նրան «կընկերակցեն» ոչ պակաս հայտնի խոհարարներ, ինչպիսիք են` Սեթ Բեյնսը  (Sat Bains), Քլոդ Բոսին  (Claude Bosi), Ջոնրեյ և Պիտեր Սենչես-Իգլեսիասները (Jonray and Peter Sanchez-Iglesias) և Թոմ Քիթչինը (Tom Kitchin):

Կիսաթափանցիկ, կարծես գետի վրա լողացող Cube-ի մեկ սեղանի շուրջ կարող են նստել 18  մարդ: Հաստատության անբաժանելի մասն է կազմում խոհարարական շոուն. ամեն ճաշը կազմված է նվազագույնը հինգ ուտեստից և դրանց պատրաստմանը կարելի է հետևել նստած տեղից: Բացի հիանալի ընթրիքից, Cube by Electrolux-ի այցելուներին սպասվում է յուրահատուկ ձայնային և լուսային ձևավորում, որը նույնպես, տարբեր երկրներում հաջողության հասնելով, կգա Լոնդոն: Cube by Electrolux-ը աշխատում է շաբաթը յոթ օր: Լանչի արժեքը 175 ֆունտ է, իսկ ընթրիքինը` 215 ֆունտ:

You might also like