Զբոսաշրջիկները ԱՄՆ-ում ամեն րոպե ծախսում են 1.5 միլիոն դոլար

Համաձայն ԱՄՆ-ի Տուրիստական ասոցիացիայի զեկույցի  (U.S. Travel Association) ` ամեն օր ամերիկացիները և օտարերկրյա զբոսաշրջիկները երկրում ծախսում են շուրջ 2.2 միլիարդ դոլար: Եթե հավատանք ԱՄՆ-ի Տուրիստական ասոցիացիայի զեկույցին` ապա ԱՄՆ-ի զբոսաշրջիկների ծախսերը ժամում կազմում են 92.8 միլիոն դոլար, 1.5 միլիոն դոլար րոպեում  կամ  25.7  հազար դոլար` վայրկյանում:Ասոցիացիայի տվյալներով` ճանապարհորդության և զբոսաշրջության ինդուստրիայի տնտեսական ազդեցությունը 2011 թվականի տվյալներով կազմում է 1.9 տրիլիոն դոլար: Ամերիկացիների շուրջ 14.4 միլիոնը աշխատում է տուրիզմի և նրան հարակից ոլորտներում: «Տուրիզմն իրենից ներկայացնում է բազմակողմանի տնտեսական հատված, որտեղ զբաղված են մեծ թվով մարդիկ, սկսած ավիաընկերությունների և հյուրանոցների անձնակազմից, մինչև ռեստորանների, ժամանցի վայրերի և առևտրի կենտրոնների աշխատակիցներից: Բացի այդ, տուրիզմը նաև գործիք է տնտեսության մյուս ոլորտների համար, ինչպիսիք են` շինարարությունը, արտադրությունը և ֆինանսները», – ասվում է փաստաթղթում:

Ասոցիացիայի նախագահ Ռոջեր Դոուի (Roger Dow) կարծիքով` տուրինդուստրիան կարող է դառնալ տնտեսության վերականգնման շարժիչ ուժը: «Այն մեր էկոնոմիկայի ամենաառողջ սեկտորներից մեկն է աշխատատեղերի և զբաղվածության տեսանկյունից, որտեղ աշխատում է ամեն տասներորդ ամերիկացին»,-ընդգծում է նա: Մայիսի  5-13-ը  ԱՄՆ-ում ավանդաբար անցկացվում է տուրիզմի շաբաթ (National Travel and Tourism Week): 2011  թվականին ԱՄՆ բնակիչները իրականացրել են շուրջ 58.5 միլիոն ուղևորություն դեպի արտասահման, իսկ ԱՄն են այցելել ռեկորդային 62 միլիոն արտասահմանյան զբոսաշրջիկ, ինչը 2.5  միլիոնով կամ 4.2%-ով շատ է անցած տարվանից: Արտասահմանյան հյուրերը անցած տարի պետական գանձարանը լցրել են 153  միլիարդ դոլարով:

You might also like