Հայաստանում Եվրոպայի օրը կնշեն նորաձեւության ցուցադրությամբ եւ DJ Վակցինայի համերգով

Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում մայիսի 12-ին  Հյուսիսային պողոտայում կներկայացվեն Բրիտանական ժամանակակից նորարական հիթերը, Միացյալ Թագավորության ոգին ու շունչը հաղորդող հագուստները: Այս մասին News.am-ին հայտնել են Հայաստանի Բրիտանական խորհրդից:

Միջռցառումները կսկսեն ժամը 16.00-ից, երբ Բրիտանական խորհրդի «Նորաձեւության ճանապարհ» ծրագրի մասնակիցներ Լուսինե Կոստանյանի (Հայաստան) եւ Մելանի Ֆրեյերի (Գերմանիա) հագուստների վահանակները կտեղադրվեն Հյուսիսային պողոտայում: Նկարիչ-մոդելավորողների հագուստները «կրել» ցանկացող բոլոր այցելուները կարող են լուսանկարվել վահանակների ետեւում: Բրիտանական խորհրդի լուսանկարիչը կնկարի բոլոր ցանկացողներին: Իսկ արդեն երեկոյան 22.30-ից սկսած «Բուրբոն սթրիթ» ակումբում DJ Vakcina-ն կներկայացնի The Selector ռադիոհաղորդման` բրիտանական ժամանակակից երաժշտության լավագույն հիթերը:

Նշենք, որ«Նորաձեւության ճանապարհ» ծրագիրը մեկնարկել էր շուրջ երկու տարի առաջ` իր շուրջը համախմբելով տասը հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողի, ովքեր համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել են 20 հագուստից բաղկացած հավաքածու: Այն արդեն ցուցադրվել է Հայաստանում, իսկ հունիսից կներկայացվի եվրոպական երկրներում:

Նույն եվրոպական երկրների հետ միասին արդեն մի քանի տարի է Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը: Մայիսի 9-ը պաշտոնապես նշվում է որպես Եվրոպայի օր: 1950 թվականին ճիշտ այդ օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով Ֆրանսիային, Գերմանիային եւ եվրոպական այլ երկրներին միավորվել ածուխի եւ պողպատի արտադրությամբ` որպես եվրապական ֆեդերացիայի հիմնադրման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլ: Եվրամիության ձեւավորման առաջին քայլերն սկսվեցին պատմական այդ օրից: Այդ իսկ պատճառով 1985 թվականին Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում որոշում ընդունվեց մայիսի 9-ը տոնել որպես Եվրոպայի օր: / News.am

You might also like