Ավստրալիայի ղեկավարությունը որոշում է կայացրել պաշտպանության տակ առնել կոալաներին, պարկավոր կենդանիներին, որոնք կենգուրույի հետ միասին համարվում են Կանաչ մայրցամաքի հիմնական խորհրդանիշները: Ինչպես հայտնել է Շրջակա միջավայրի գործերի նախարար Թոնի Բերկը` այսուհետ պաշտոնապես կհամարվի, որ Նոր Հարավային Ուելսի, Քվինսլենդի և երկրի մայրաքաղաք Կանբերայի կոալաներին «սպառնում է վերացման վտանգ»:
Ներկայումս կոալաների թվաքանակը մոտավոր գնահատմամբ չի հասնում է մոտ 100 հազարի: Հոռետեսները պնդում են, որ այս կենդանիներից մնացել են ընդամենը 40 հազարը: Նախարարը խոստովանել է, որ վերջին երկու տասնամյակում կոալաների թիվը Քվինսլենդում կրճատվել է 40 %-ով, իսկ Նոր Հարավային Ուելսում` մեկ երրորդով:
Գործնականում, այս որոշումը նշանակում է, որ կառավարությունը հնարավորություն է ստանում վերահսկել և նույնիսկ կասեցնել նոր հանքահորերի և ածուխ պարունակող հանքավայրերի մշակումը, անտառահատումը և բնակավայրերի կառուցումը, եթե համարվի, որ այս ամենը վտանգում է կենդանիների կյանքը: Հիմա Ավստրալիայի «Կարմիր գրքում» անհետացող կենդանիները կազմում են 56 կաթնասուն: Դրանք բոլորը ապրում են միայն Ավստրալիայում: