Պերուն պետություն է Հարավային Ամերիկայի արևմուտքում: Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի ջրերով: Երկրի տարածքը բաժանվում է 3 ֆիզիկաաշխարհագրական մարզերի՝ առափնյա գոտի (Կոստա), լեռնային (Սիեռա), նախալեռների ու հարթավայրերի (Սելվա): Կոստան զբաղեցնում է առափնյա 80–180 կմ լայնության գոտին, Սիեռան՝ Պերուական Անդերը՝ Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան Կորդիլիերներ լեռնաճյուղերով, Սելվան՝ Ամազոնի դաշտավայրի արևմտյան մասը և Լա Մոնտանյա հարթավայրը: Սիեռայում են գտնվում երկրի ամենաբարձր լեռնագագաթը (6768 մ, Ուասկարան լեռ), բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ:
Կլիման բազմազան է. Կոստայում և Անդերի արևմտյան լանջերին անապատային է, Սելվայում, Սիեռայի հյուսիսում և Անդերի արևելյան լանջերին՝ հասարակածային, մշտապես խոնավ:
Կենդանիներից հանդիպում են ամերիկյան հովազ, ուխտայծ, համրուկ, գետակինճ, կապիկներ և այլն: Շատ են թռչունները:
Գետերի մեծ մասը պատկանում է Ամազոնի ավազանին: Առավել խոշոր են Մարանիոնը և Ուկայալին: Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր քաղցրահամ լիճը՝ Տիտիկական:
Հիմնական բնակչությունը իսպանախոս պերուացիներ են, մնացածը՝ հնդկացիներ (կեչուա, այմարա ժողովուրդներ):
Պերուի մշակույթն ամենահինն ու ամենազարգացածն է Հարավային Ամերիկայում: Պահպանվել են հին ինկերի կառուցած տաճարներ, պալատներ, աստղադիտարաններ, ամֆիթատրոններ, բերդեր ու հազվագյուտ խեցեգործական իրեր, ոսկե, արծաթե արձանիկներ, դիմակներ, զարդեր և այլն:
Պերուական Անդերի արևելյան լանջին գտնվող Մաչու Պիկչու (կեչուա լեզվով նշանակում է Հնագույն բարձունք) ամրոցը 2007 թ-ին ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում: