Նոր պայմաններ ներգաղթյալների և զբոսաշրջիկների համար Գերմանիայում

Գերմանիայի կառավարությունը որոշել է թեթևացնել որակավորված մասնագետների ներգաղթը: Այս մասին հայտնում է The Financial Times Deutschland գործակալությունը` հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրին:

Այս տեղեկատվությունն ավելի ուշ մամլո ասուլիսի ժամանակ հաստատել են նաև ներքաղաքական կյանքի փորձագետները:

Իշխանությունները կիջեցնեն ապրելու երկարատև իրավունք ունենալու համար նախատեսված աշխատավարձի չափը` տարեկան 66 հազարից հասցնելով 44,8 հազար եվրոյի: Որոշ մասնագիտությունների համար բավարար կլինի 34,2 հազար եվրոն: Այս պայմանները տարածվելու են ինժեներների, ծրագրավորողների և բժիշկների վրա, քանի որ հենց այս մասնագիտությունների նկատմամբ է Գերմանիայում մեծ պահանջարկ առաջացել: Երեք տարի աշխատելուց հետո ներգաղթյալներն անժամկետ ապրելու թույլտվություն կստանան:

Բացի դրանից, կառավարությունը մտադիր է զբոսաշրջիկների համար հատուկ տեսակի արտոնագիր սահմանել: Ըստ այդ արտոնագրի` օտարերկրյա քաղաքացիները կարող են 6 ամիս մնալ Գերմանիայում՝ աշխատանք փնտրելու համար: Այդ արտոնագիրը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել կրթության դիպլոմը և ապացուցել, որ բավական գումար ունես Գերմանիայում ապրելու համար:

Ապրելու թույլտվություն ստանալու հարցում առաջնահերթություն կստանան նրանք, ովքեր տիրապետում են գերմաներենին: Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիները, որոնք ավարտել են գերմանական համալսարաններ, թույլտվություն կստանան 1,5 տարի ապրելու Գերմանիայում՝ աշխատանք փնտրելու համար:

Այս կերպ Գերմանիայի կառավարությունը փորձում է լրացնել որակավորված մասնագետների պակասը երկրում: Եվրոպացիների կողմից Գերմանիայում աշխատելու հայտեր քիչ են ստացվում, և իշխանությունները կարծում են, որ ներգաղթյալների հոսք կլինի ԵՄ տարածքից դուրս գտնվող երկրներից: Նոր օրենքը պետք է հավանության արժանանա Բունդեսթագում ու Բունդեսրատում, և նախնական հաշվարկներով՝ կսկսի գործել արդեն 2012թ. ամռանը: / 1in.am

You might also like