Անցած տարվա նոյեմբերին Ֆինլանդիայի Ranua կենդանաբանական այգում ծնվել է սպիտակ քոթոթ: Սա մեծացրել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը դեպի այս այգին, քանի որ սպիտակ արջերը շատ հազվադեպ են բազմանում գազանանոցային պայմաններում:
Բացի այդ, նույնիսկ ծնված քոթոթները հազվադեպ են ողջ մնում: Բայց այս փոքրիկը արդեն 4 ամսական է, ինչը եզակի իրադարձություն է Ֆինլանդիայում: Քոթոթը իրեն լավ է զգում: Հիմա այն կշռում է շուրջ 10 կգ և օրական մի քանի ժամ անցկացնում է մաքուր օդում: Ինչպես տեղեկացնում է Yle ռադիոկայանը` արդեն ձմեռային արձակուրդների ժամանակ այցելուների թիվը, ովքեր ցանկանում են տեսնել այգու փոքրիկ բնակչին, կրկնապատկվել է` համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ:
Կենդանաբանական այգին գտնվում է Լապլանդիայի Ռանուա (Ranua) քաղաքում` Ռովանիեմից 80 կմ հարավ-արևելք: Զբոսաշրջիկներն այստեղ են գալիս ծանոթանալու բևեռային կենդանիներին, որոնք պահվում են բնությանը մոտ պայմաններում: Այգին բաց է ամբողջ տարին ամեն օր. ձմեռային շրջանում` 10:00-16:00-ը (մինչև մայիսի 31-ը), ամառային շրջանում` 9:00-19:00 (մինչև օգոստոսի 31-ը): Այցելության գինը փոքրերի համար 10-13 եվրո է, մեծերի հանար` 12-15 եվրո: