Նիդերլանդների Թագավորություն (Հոլանդիա)
Երկիրը. Նիդերլանդներ (հոլանդերեն. Nederland ) – Հոլանդիա: Պետություն է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ Երկրի ոչ պաշտոնական անվանումն է Հոլանդիա։
Տես նաև Հոլանդիայի վերաբերյալ վերջին տուրիստական նորությունները >
Բնակչությունը` 16.515.057 միլիոն մարդ (2009 թվականի տվյալներով)
Աշխարհագրական դիրքը. Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։ Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անվանումը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41.200 կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,900 կմ² (մակերեսի 18%-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։
Վարչական բաժանումը. Նիդերլանդները վարչականորեն բաժանված է տասներկու մարզերի (պրովինցիաներ), որոնք իրենց հերթին բաժանված են 431 համայնքների ու 27 ջրային միավորների։
Մարզերն են`
- Խրոնինգեն
- Ֆրիզլանդ
- Դրենթե
- Օվերեյսել
- Ֆլեյվոլանդ
- Խելդերլանդ
- Ուտրեխտ
- Հյուսիսային Հոլանդիա
- Հարավային Հոլանդիա
- Զեյլանդ
- Հյուսիսային Բրաբանտ
- Լիմբուրխ
Կառավարման համակարգը. Խորհրդարանը. 1814 թ. ի վեր Նիդերլանդները սահմանադրական միապետություն է։ Երկրի օրենսդիր մարմինը կոչվում է Գլխավոր Շտատներ (հոլանդ. Staten-Generaal)։ Այն բաղկացած է Առաջին և Երկրորդ պալատներից։ Երկրորդ պալատը Նիդերլանդերի ամենաազդեցիկ քաղաքական կառույցն է, օրենքներ ընդունելուց բացի, նրա գործառությունների մեջ է մտնում կառավարության վրա վերահսկողություն կատարելը։ 150 անդմաները ըտրվում են 4 տարի ժամկետով ուղղակի ժողովրդական քվեարկությամբ։ Առաջին պալատը ունի ավելի փոքր քաղաքական ազդեցություն. այն կամ հաստատում կամ բեկանում է Երկրորդ պալատի ընդունած օրինագծերը։ 75 անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով մարզերի ինքնակառավարման մարմինների կողմից։ Նիդերլանդները չունի եռակողմ իշխանության ավանդական բաժանում։ Օրենսդրական իշխանությունն իրականացում են Գլխավոր Շտատները, թագուհին և կառավարությունը (նախարարների խորհուրդը) միասին։ Թագավորը. Թագավորը (ներկայում՝ թագուհին) պետության գլուխն է և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Թագուհին հաստատում է օրինագծերը, նշանակում է նախարարներին, դատավորներին, մարզային խորհուրդների նախագահներից (որոնք կոչվում են թագուհու կոմիսարներ) և համայնքապետերին։ Նախարարների խորհրդի հետ միասին կազմում է գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանությանը կից որպես խորհրդատվական օրգան գործում է Պետական Խորհուրդը (հոլանդ. Raad van State): Թագավորի սահմանադրական իշխանությունը, սակայն, տարիների ընթացքում գնալով սահմանափակվել է և այժմ ունի ավելի շատ ձևական և ծիսակարգային բնույթ։ Հատկանշական է, որ Նիդերլանդները 1890-ից մինչ այժմ ունեցել է միայն թագուհիներ։ Նիդերլանդերի ներկայիս միապետն է Բեատրիկսը։ Գահաժառանգն է Վիլլեմ-Ալեքսանդր արքայազնը։ Կառավարությունը.Կառավարության ղեկավարն է վարչապետը (այս պահին՝ Մարկ Ռուտե)։ Վարչապետը, նախարարների և պետքարտուղարների հետ, կազմում է կաբինետը։ Երկրորդ պալատի ընտրություններից հետո սովորաբար երկու կամ երեք կուսակցություններ կազմում են կոալիցիա։ Ինչպես կառավարության, այնպես էլ թագուհու և խորհրդարանի նստավայրերը գտնվում են Հաագայում։
Հելանդական մշակույթը (տեսանյութ)
Պետական կրոնը. Վաղ միջնադարից լինելով քրիստոնեա երկիր, այսօր Նիդերլանդներն համարվում է Եվրոպայի ամենաաշխարհիկ երկրներից մեկը։ Որևէ կրոնի չհարող չափահասները 2008-ի տվյալներով 42% են կազմում։ Քրիստոնեաների կեսը կամ ընդհանուր բնակչության 29% կաթոլիկ է, 19%-ը բողոքական է։ Մահմեդականները կազմում են բնակչության 4%-ը։ Տարածված են նաև բուդդայականությունը, հինդուիզմը և հուդայականությունը։
Պետական լեզուն. Պաշտոնական պետական լեզուն հոլանդերենն է և պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբին: Ֆրիզլանդ մարզում նաև պաշտոնական լեզու է ֆրիզերենը։ Ստորին սաքսոներենը և լիմբուրգերենը Եվրամիության կողմից ճանաչված են որպես գավառային լեզուներ։ Հոլանդացիեների մեծ մասը տիրապետում է անգլերենին, գերմաներենին և ֆրանսերենին որպես օտար լեզու։ Հոլանդերեն լեզուն խոսում են ոչ միայն Նիդերլանդներում, այլ նաև Բելգիայում, Սուրինամում, ինչպես նաև Արուբա, Կուրասաո և Սենթ-Մարտեն կղզիներում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման հոլանդերենը 48-րդն է:
Դրամական միավորը` Եվրո
Կլիման. Կլիման բարեխառն ծովային է, մեղմ ձմեռներով և զով ամառներով։ Կլիմայի վրա ազդեցություն է գործում Հյուսիսային ծովը, որը տարվա բոլոր եղանակներին մեղմում է ջերմաստիճանը։ Արևելյան և հյուսիսարևելյան շրջանները համեմատարաբ ավելի ցուրտ են, քան արևմտյան, հարավարևմտյան և հյուսիսային ծովեզերյա շրջանները։ Նիդերլանդները համարվում է անձրևային երկիր։ Բնորոշ է ամպամած, արագ փոփոխվող, հաճախակի մառախուղներով եղանակը։ Ամենաշատ տեղումները գրանցվում են հյուսիսային, կենտրոնական շրջաններում և Լիմբուրխ մարզի հարավային մասում։
Հոլանդիայի քաղաքները և տեսարժան վայրերը
Քաղաքները. Խոշոր քաղաքներն են Ամստերդամը, Ռոտերդամը, Հաագան, Ուտրեխտը, Էյնդհովենը: Մայրաքաղաքն Ամստերդամն է, իսկ խորհրդարանի և կառավարության նստավայրը՝ Հաագան: Գլխավոր նավահանգիստ Ռոտերդամն աշխարհում ամենամեծն է և Արևմտյան Եվրոպայի ծովային դարպասը: Ամեն տարի Ռոտերդամի նավահանգիստ են ժամանում 30 հզ. ծովային նավեր (նավահանգիստը միաժամանակ կարող է ընդունել 375 նավ): Ցամաքի խորքային շրջանների հետ կապված է Հռենոսի և Մոզելի վրայով անցնող ջրային ուղիներով, երկաթուղային և խճուղային ճանապարհներով, նավթամուղներով:
Ամստերդամը Նիդերլանդների մայրաքաղաքն ու խոշոր քաղաքներից մեկն է: Գտնվում է Ամստել գետի դելտայում, Էյսելմեր (Զյոյդեր Զե) ծոցի մոտ, ջրանցքներով կապված է Հյուսիսային ծովի հետ։ Առաջին անգամ հիշատակվել է 1275-ին։ Անվանումը առաջացել է Amstel գետի անունից և հոլանդերեն damm «ամբարտակ» բառից, այսինքն «Ամստելի ամբարտակ»: Բնակչությունը կազմում է 767.333 մարդ: Ամստերդամը նաև Նիդերլանդների ֆինանսական և մշակութային կենտրոնն է: Մի շարք տեսարժան վայրեր, ինչպիսիք են` Ռեյքսմյուզեումը, Վինսենտ Վան Գոգի թանգարանը, Քաղաքային թանգարանը, Ամստելի Էրմիտաժը, Կարմիր լապտերների փողոցը, ամեն տարի դեպի այս քաղաք են ձգում շուրջ 4.2 միլիոն զբոսաշրջիկի: Այն համարվում է Եվրոպայի ամենատարածված տուրիստական քաղաքներից մեկը: Հյուրանոցների երկու-երրորդը տեղակայված է քաղաքի կենտրոնում: Զբոոսաշրջիկների մեծ մասը (74%) այստեղ գալիս են Եվրոպայի այլ երկրներից: Ամստերդամի պատմական կենտրոնը առանձնանում է լավ պահպանված միջնադարյան կառույցների մեծ քանակությամբ` եկեղեցիներ, բնակելի և առևտրային շենքեր: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցը Դամրակն է, որտեղ տեղակայված են մշակութային կենտրոնները, բազմաթիվ սրճարաններ, արհեստանոցներ և թանգարաններ: Դամրակ և Ռոկին փողոցների խաչմերուկում է գտնվում Դամ հրապարակը: հրապարակի արևմտյան մասում է գտնվում ամենաուշագրավ ճարտարապետական կառույցներից մեկը` Թագավորական Պալատը, որն ավելի քան 200 տարի հանդիսանում է Նիդերլանդների միապետների նստավայրը: Մոտակայքում գտնվում է Մադամ Տյուսոյի թանգարանը: Պալատից դեպի արևելք գտնվում է Ազգային հուշարձանը` կանգնեվցած 1956 թվականին նացիզմի դեմ պայքարում զոհված նիդերլանդցիների հիշատակին: Հրեա ժողովրդի պատմությունը պատմում է Հրեական պատմության թանգարանը, որը տեղակայված է մայրաքաղաքի նախկին «Մեծ Սինագոգում»: Հետաքրքիր են նաև Ամստերդամի միջնադարյան աշտարակները: Ամստերդամում շատ են ջրերի վրա «լողացող տները»: Որպես կանոն, դրանք «Վիքենդ հոմս» են, այսինքն տներ, որտեղ տերերը գալիս են հանգստյան կամ տոն օրերին: Ամստերդամը երիտասարդության շրջանում հայտնի է` շնորհիվ իր թեթևակի թմրամոլությամբ, բայց հատուկ հաստատություններում` «կոֆեշոփերում», և De Wallen կարմիր լապտերների փողոցով, որտեղ մարմնավաճառները ցուցադրում են իրենց դուռ-պատուհաններից, որոնք ունեն ցուցափեղկերի տեսք և լուսավորված են կարմիր գույնով: Ամստերդամում է գտնվում Artis Zoo կենդանաբանական այգին: Այստեղ կա ավելի քան 750 տեսակ կենդանի և 300 տեսակ բույս:
Ռոտերդամը (նիդերլանդերեն Rotterdam) քաղաք և համայնք է Նիդերլանդներում: Տեղակայված է Հարավային Հոլանդիայի նահանգում, Հյուսիսային ծովի Նիեվե-Մաաս գետի գետաբերանին: Բնակչությունը 610.462 մարդ է (2011 թվականի ապրիլի 29-ի տվյալներով), երկրորդ խոշոր քաղաքն է համարվում Նիդերլանդներում Ամստերդամից հետո: Ռոտերդամի կարգախոսն է Sterker door strijd («Հզորանալ պայքարում»): Ռոտերդամը խոշոր տրանսպորտային հանգույց է (երկաթուղային և ավտոճանապարհային), ունի ծովային (Հյուսիսային ծովում) և գետային (Նիեվե-Մաաս գետում ) նավահանգիստներ, օդանավակայան: Ավտոարտադրության կենտրոն է, կան նաև թանգարաններ, թատրոններ, (օպերաներ և բալետներ, դրամաներ), գրադարաններ: Ամեն տարի հունվարին քաղաքում անցկացվում է միջազգային կինոփառատոններ: Ռոտերդամի նավահանգիստը Եվրոպայի ամենամեծ նավահանգիստն է համարվում, իսկ 1962 թվականից մինչև 2004 թվականը աշխարհի ամենամեծը (այժմ ամենամեծ նավահանգիստը Շանհայի նավահանգիստն է ): Ռոտերդամում է գտնվում համաշխարհային թանգարանը, խորանարդային տները, եվրոպական կայմը, Էրազմայի կամուրջը: Արևմտյան Եվրոպայի ամենամեծ մզկիթը բացվել է Ռոտերդամում 2010 թվականի նոյեմբերի 18-ին: Մինարեթի բարձրությունը կազմում է 50 մետր, իսկ կառույցի ներսում միաժամանակ կարող են գտնվել մոտավորապես եերեք հազար մարդ:
Հաագան (նիդերլանդերեն Den Haag) Նիդերլանդների արևմուտքում` Հյուսիսային ծովի ափին, քաղաք համայնք է, որտեղ գտնվում է նիդերլանդական կառավարության, խորհրդարանի և Բեատրիքս թագուհու նստավայրերը, ինչպես նաև Հարավային Հոլանդիայի մայրաքաղաքն է: Հաագայում է գտնվում խոշոր միջազգային օրենսդիր մարմինները` ՄԱԿ-ի միջազգային դատարանը, Միջազգային քրեական դատարանը, Միջազգային արբիտրաժային դատարանը և այլն: Հաագան հանդիսանում է Նիդերլանդների երրորդ խոշոր քաղաքը Ամստերդամից և Ռոտերդամից հետո: Բնակչությունը կազմում է 482.742 մարդ (2008 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով), իսկ տարածքը 98.20 քառ. կմ է: Հաագայի թանգարաններն են` Մաուրիցհեյս (նիդերլանդերեն Mauritshuis), ոսկե դարաշրջանի (XVII) հոլանդացի նկարիչների(Վերմեր, Ռեմբրանդ, Պոտտեր և այլոք) ցուցահանդես: Մունիցիպալ թանգարանը (Gemeentemuseum) ունի ժամանակակից արվեստների, երաժշտական գործիքների, նորաձևության և Պիտա Մոնդրիանի նկարների մեծ հավաքածուններ: Էշերաթանգարանում (Eschermuseum) ներկայացված են նիդերլանդացի նկարիչ Էշերայի գրաֆիկական արվեստը: Պանորամա Մեստագ (Panorama Mesdag)` պանորամային նկար 14 մետր բարձրությամբ և 120 մետր երկարությամբ, որտեղ պատկերված է XIX հարյուամյակի Սհեվենինգե ձկնորսական գյուղակը: «Քանդակներ ծովի վրա» թանգարանը (Beelden aan Zee) ներկայացնում է XX դարի քանդակագործությունը: Մուզեոն (Museon)` կրթական թանգարան` գիտության և էթնոլոգիայի մասին ցուցանմուշներով: Մադյուրոդամ (Madurodam)` թանգարան բաց երկնքի տակ Նիդերլանդների տեսարժան վայրերի մանրակերտներով: Փառատոնները. «HaSchiBa»` մուլտիմշակութային փառատոն (օգոստոսին), «Pasar Malam Besar»` ինդոնեզիական փառատոն և տոնավաճառ (հունիսին), մինչև 2005 թվականը Հաագայում ամեն տարի անցկացվում էր Հյուսիսային ծովի ջազային փառատոն (North Sea Jazzfestival), իսկ 2006 թվականին փառատոնը կազմակերպվում է նաև Ռոտերդամում:
Մշակույթը. Հոլանդիան հարուստ մշակույթով երկիր է, աչքի է ընկնում գիտական, առողջապահական, կրթական զարգացած համակարգով: Համաշխարհային ճանաչում ունեն գեղանկարիչներ Ռեմբրանդը, Վան Էյքը, Վան Գոգը, Վան Դեյքը, Կարել Ֆաբրիցիուսը, Պիտեր Բրեյգելը, Հերոնիմոս Բոսխը, հումանիստ-գիտնական Էրազմ Ռոտերդամցին, ժամանակակիցներից` կինոռեժիսոր Գեռիտ վան Դեյքը, ճարտարապետ Մատիս Բոուն և ուրիշներ: Հոլանդացի բանաստեղծ և դրամատուրգ Յոստ վան դեն Վոնդելի «Լյուցիֆեր» ողբերգությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Մեծ է Նիդեռլանդների ներդրումը աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում՝ ի դեմս Վիլեմ Բարենցի և Աբել Թասմանի: Հոլանդիայում են ստեղծվել առաջին ոսպնյակներն ու մանրադիտակները:
Արվեստը. Նիդերլանդները աշխարհին հայտնի է բազմաթիվ գեղանկարիչներով։ Գեղանկարչությունը հատկապես ծաղկում է ապրել «Ոսկե դարում» (1609-1672 թթ.)։ Այս շրջանի Հոլանդական դպրոցի ամենահայտնի վարպետներից են Ռեմբրանդտ վան Ռայնը, Յան Վերմեերը, Ֆրանս Հալսը, Յան Ստեյնը և այլոք։ 19-րդ դարի գեղանկարիչներից ամենահայտնին է պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։ 20-րդ դարի աբստրակցիոնիստ էր Պիտ Մոնդրիանը, ով գլխավորել է «Դե Ստայլ» կոչվող գեղարվեստական շարժումը։ 1948 թ. հիմնվել է «Կոբրա» արվեստի միությունը, որը միավորել է մոդեռնիզմի ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից։ «Կոբրայի» անդամներ Կարել Ապելը և Կորնելիս Բևերլուն ավանգարդ արվեստի կարևոր ներկայացուցիչներ էին Նիդերլանդներում։ 20-րդ դարի մեկ այլ հոլանդացի արվեստագետ՝ Մաուրից Էշխերը հայտնի է տեսողական պատրանքներ ստեղծող իր նկարներով։
Գրականությունը. Նախքան 17-րդ դարը, հոլանդական գրականությունը ստեղծվում էր տարբեր բառբառների վրա հիմնված գրական լեզուներով, հաճախ էլ լատիներենով (ինչպես օրինակ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» երգիծանքը)։ 17-րդ դարում գործածական է դառնում մեկ ընդհանուր գրական լեզուն։ Այս շրջանի հայտնի գրողներ են Պիտեր Կորնելիսզոնը և Յան վան դեն Վոնդելը։ Վերջինիս «Լուցիֆեր» ողբերգությունը (1654 թ.) համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ 19-րդ դարի գրող Մուլտատուլիի «Մաքս Հավելար» ստեղծագործությունը քննադատում է Ինդենեզիայում հոլադական գաղութակալությունը։ 1940-1942 թթ. գրված Աննա Ֆրանկի հանրահայտ օրագրությունը նկարագրում է համաշխարհային պատերազմի ընթացքում հրեա ընտանիքի թաքստոցում անց կացրած երկու տարիները։ Հետպատերազմյան գրականության դասականներ են համարվում Ֆրեդերիկ Հերմանսը, Հարի Մուլիշը և Խերարդ Ռևեն։
Ճարտարապետությունը. Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից են Ամստերդամի, Կամպենի, Զվոլեի պարիսպները, աշտարակները և տները, Հաագայի թագավորական դղյակը, Ուտրեխտի, Հառլեմի, Լայդենի, Դելֆտի գոթական տաճարները։ Քարի սակավության պատճառով հոլանդական ճարտարապետությունում գերակշռում են աղյուսե փոքր շինությունները։ Ամստերդամ քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ արտացոլում է 17-րդ դարի հոլանդական ճարտարապետությունը։ 20-րդ դարի ճարտարապետությունը աչքի է ընկնում ավանգարդ ոճով և նոր ճարտարապետական ձևերի որոնումով։
Կինոն. 19-րդ դարի ավարտից նկարահանվել են վավերագրական ֆիլմեր, իսկ 1910-ից նաև գեղարվեստական։ Դարակեսից հետո թողարկված ֆիլմերից են «Շեփորանվագ» կատակերգությունը (1958 թ.) և «Բոլորը» (1963 թ.) փաստագեղարվեստական ֆիլմը։ 70-ական թվականներից սկսած մեծ ժողովրադականություն են վայելել Պաուլ Վերհուվենի և Դիկ Մասի ֆիլմերը։ «Հարձակում», «Անոտնիայի շառավիղը» և «Խառնվածք» ֆիլմերը տարբեր տարիներին արժանացել են Օսկար մրցանակի։
Մամուլը. Կարևոր օրաթերթերից են «De Telegraaf», «Algemeen Dagblad», «De Volkskrant», «NRC Handelsblad» և «Trouw» պարբերականները։ Հանրաճանաչ շաբաթաթերթեր են «Elsevier», «HP/De Tijd», «Vrij Nederland» և «De Groene Amsterdammer»։ Գործում են չորս հանրային («Nederland 1», «Nederland 2» և «Nederland 3», և «BVN») և մի շարք կոմերցիոն («RTL», «SBS» և այլ) հեռուստահեռարձակողներ։ Հանրահայտ ռադիոհեռարձակողներից են «Radio 1», «Radio 2», «3FM» հանրային և «Radio 538», «Sky Radio», «Q-music» կոմերցիոն ռադիոընկերությունները։
Ավանդույթները. Նիդերլանդում, որպես ավանդույթ կամ կյանքի հիմնական կենտրոն, համարվում է ընտանիքը: Սովորաբար դա մի տուփ է, ուր տեղ են գտել ամուսինները, երեխաները և նրանց բարեկամները: Նրանց համար հատկապես կարևոր է սերնդեսերունդ ավանդույթների փոխանցումը: Բնակիչները նախընտրում են իրենց հանգիստը վայելել ընտանիքի հետ: Լայնորեն տարածված են քրիստոնեական և ազգային տոները:
Ազգային խոհանոցը. Հոլանդական ավանդական կերակրատեսակները հատկապես բնորոշել են անցյալի գյուղատնտեսական կյանքը։ Տիպիկ հոլանդական ճաշը հիմնականում պատրաստված է կարտոֆիլից, բանջարեղենից և մսից։ Ազգային խոհանոցը հայտնի է ծովամթերքների առատությամբ: Ճանաչված ուտեստներից են «հարինգը», «մաչեսը», «հոտպոտը» և այլ ուտեստներ: Երկրում հիանալի են պատրոստում լիկյորը, որոնցից առավել հայտնի է «Օրանժ Բիտերը»: Ողջ աշխարհում հայտնի է հոլանդական պանիրը (հատկապես Էդամմեր և Գաուդա տեսակները)։ Հայտնի են նաև հոլանդական քաղցրեղենները, ինչպես օրինակ հոլանդական թավաբլիթը, մեղրավաֆլին, ձիթագնդիկը և այլն։
Տես նաև Հոլանդիայի վերաբերյալ վերջին տուրիստական նորությունները >
Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է: