Արաբական հեղափոխությունից և բնական աղետներից հետո աշխարհում պակասել են մատչելի և անվտանգ ուղղությունները: Սակայն այնուամանայնիվ մենք գտել ենք երկրներ, դեպի որտեղ ուղևորությունները մարտ ամսին բավականին մատչելի կլինեն:
Ավստրիա. Լեռնադահուկային առողջարաններն ու նրանցում առկա հյուրանոցները Ավստրիայում շատ են, բայց եղանակի հետ այս տարի նրանց բախտը չի բերում, այդ պատճառով հյուրանոցում տեղերը շատ են և մատչելի: Այսպիսով, տուրը թռիչքով, առանց ապահովագրության, յոթ օրով, երկու հոգու համար 3*-անի հյուրանոցում նախաճաշի հետ արժե 700-800 եվրո: Ընդ որում, եթե նույնիսկ եղանակը չբարելավվի, գրեթե բոլոր առողջարաններում կան լողավազանով սպա-կենտրոններ, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել: Բայց մի մոռացեք, որ պետք է հավելյալ գումար տրամադրեք լեռնադահուկային դաշտի և վարձակալվող սարքերի համար:
Անդորրա. Մարտին հեշտությամբ կարելի է ուղևորության տոմս գնել դեպի փոքրիկ երկիր, որը ձգում է լեռնադահուկային սպորտի սիրահարներին: Ամսվա կեսին այնտեղ սահելու պայմանները բավականին հասանելի են, այդ պատճառով, եթե դեռ չեք հասցրել սահել, ապա անպայման մտածեք այդ մասին: Երկու հոգու համար մեկ շաբաթվա տուրը էկոնոմ դասի թռիչքով, 4*-անի հյուրանոցով և երկու անգամյա սննդով կարժենա 1200-1300 եվրո: Այս գնի մեջ չի մտնում վիզան: Դրա ձևակերպումը արվում է առանձին:
Բուլղարիա. Եթե դուք ունեք բազմակի մուտքով շենգենյան վիզա, ապա դուք կարող եք գնել «թեժ» տուր դեպի Բուլղարիա: Գներն այստեղ շատ հարմար են. 2-3*-անի հյուրանոցում` նախաճաշով և առանց դրա, յոթ օրը երկու հոգին կարող են անցկացնել 700-800 եվրոյով: Սակայն հաշվի առեք այն հանգամանքը, որ Բուլղարիայի հյուրանոցների կատեգորիան քիչ բան է ասում նրանց որակի մասին, պետք է ավելին հետաքրքրվել:
Եգիպտոս. Միայն շատ համարձակ մարդիկ են որոշում հանգստանալ ներկայիս Եգիպտոսում, սակայն շատ տուրօպերատորներ շարունակում են այն «վաճառել» և այն էլ էժան գներով: Այսպիսով, երկու հոգին 4-5*-անի հյուրանոցում «ամեն ինչ ներառյալ» համակարգով կարող են 10 օր հանգստանալ 600 եվրոյի դիմաց: Ընդ որում` յոթնօրյա ուղևորությունների մեծ մասը հենց այս գնով են: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա. տուրօպերատորները ցանկանում են ստանալ իրենց գումարը, իսկ հյուրանոցները այնտեղ գրեթե ոչինչ չարժեն: Այնպես որ, ով չի վախենում, կարող է տեղափոխվել Կարմիր ծովի ափ, քանի որ այստեղ մեկ ամսվա ապրուստը ավելի էժան կլինի, քան ձեր սեփական տանը:
Հնդկաստան. Անհանգիստ Եգիպտոսի և Թայլանդի փոխարեն տուրօպերատորները խթանում են մի շատ յուրահատուկ ուղղություն` Հնդկաստանը: Յուրահատուկ այն առումով, որ ոչ բոլորը կարող են անտարբեր նայել այստեղ տիրող աղտոտությանը, աղքատությանն ու հակահիգիենիկ վիճակին: Սակայն տուրիստական ընկերությունները ամեն գնով փորձում են համոզել, որ Գոան շատ բարենպաստ շրջան է: Նրանք, ովքեր հավատում են դրան, կարող են ճանապարհորդել. երկու հոգու համար տասնօրյա ուղևորությունը 3-4*-անի հյուրանոցում արժե 1200 եվրո:
Իսպանիա. Իսպանիայում մարտին արդեն զգացվում է գարնան շուրչը: Կարելի է հանել վերարկուն և տաքանալ արևի շողերից, իսկ որոշ տեղերում` նույնիսկ մտնել ծովը: Սա հիանալի ժամանակ է շրջելու և երկրին ծանոթանալու համար: Սակայն եթե ուզում եք լողափնյա հանգիստ և վախենում եք ուղևորվել Եգիպտոս, ապա ավելի լավ է վճարել մի քիչ շատ և մեկնել Կանարյան կղզիներ: Հատկապես, որ շատ տուրիստական ընկերություններ այս սեզոնին ունեն լավ առաջարկներ: Յոթնօրյա ուղևորությունը երկու հոգու համար 4*-անի հյուրանոցում արժե 1300-1400 եվրո, ինչը այս ուղղության համար լավ գին է:
Իտալիա. Մարտը հիանալի ժամանակ է Իտալիային անշտապ ծանոթանալու համար. զբոսաշրջիկները քիչ են, եղանակը` ոչ շոգ, ոչինչ չի խանգարում երկրին ծանոթանալու համար: Յոթնօրյա ծովային ուղևորությունը երկու հոգու համար մատչելի 3*-անի հյուրանոցում արժե 600-700 եվրո: Հիշեք, որ առավել հարմար է ճանապարհորդել մարտի 8-ից հետո` մինչև դպրոցական արձակուրդները:
Կիպրոսի իրավիճակը շատ նման է Իտալիայի իրավիճակին: Լողալ ծովում կարող են միայն նրանք, ովքեր պարբերաբար զբաղվում են ձմեռային լողով: Փոխարենը երկու զբոսաշրջիկ կարող են յոթնօրյա հանգիստ վայելել 700-800 եվրոյով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսում շատ չեն տեսրաժան վայրերը, կարելի է ասել, որ սա հարմար է ոչ այնքան հարուստ նորապսակներին կամ առանձնանալ ցանկացող զույգերին:
Եթե մեզ մոտ ամենուր ձյուն է, ապա Չեխիայում արդեն գարունը եկել է: Այդ պատճառով եթե Ձեզ չեն հետաքրքրում լողափն ու լեռնադահուկային հանգիստը, ապա զբոսնեք Եվրոպայի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկի փողոցներում: Տուրիստական ընկերությունները այս ուղղության համար առաջարկում են հարմար գներ. յոթնօրյա հանգիստը 3*-անի հյուրանոցում (իսկ Պրահայում դա կարող է լինել ինչպես միջին մակարդակի, այնպես էլ` բավականին բարձրակարգ հյուրանոց) երկու հոգու համար արժե 600-700 եվրո: