Տները, որտեղ իրենց մանկությունն ու պատանեկությունն են անցկացրել Ջոն Լենոնը և Փոլ Մաքքարթնին, կվերածեն թանգարանի: Անգլիայի Լիվերպուլ քաղաքի հարավային եզրին գտնվող շենքերին տրվել է Grade II կարգավիճակ, որը նշանակում է, որ տվյալ կառույցը կամ վայրը պահպանվում է պետության կողմից և ներկայացնում է բարձր մշակութային հետաքրքրություն: Ընդ որում`«Անգլիական ժառանգության» (English Heritage) ֆոնդը որոշել է մշակութային հուշարձանի կարգավիճակ չվերագրել The Beatles խմբի մյուս երկու անդամների` Ջորջ Հարիսոնի և Ռինգո Սթարի տներին:
Լենոնը 1945-1963 թվականներին ապրել է Մենլավ Ավենյուի (Menlove Avenue) «Մենդիպս» երկսենյականոց տանը իր հորաքույր Միմիի հետ:
Մաքքարթնի ընտանիքի բնակարանը տեղակայված էր Ֆորթլին Ռոուդից (Forthlin Road) ոչ հեռու: Լիվերպուլյան քառյակի հիմնադիրները հաճախ փորձեր են կատարել տնային պայմաններում, գրել են երգեր:
Այդ կոմպոզիցիաների մեծամասնությունը, ի վերջո, կորել են, սակայն դրանցից մի քանիսը որոշ վերամշակումից հետո հայտնվեցին The Beatles-ի տարբեր ալբոմներում, օրինակ «Please Please Me»-ն, որը Լենոնը գրել է «Մենդիպս»-ում կամ Մաքքարթնիի «I’ll Follow The Sun»-ը:
Ապագա բիթլների մանկության վայրը, որը հիմնականում գտնվում է Լիվերպուլի ոչ զբոսաշրջային կենտրոնում, հայտնի է դարձել շնորհիվ «Penny Lane» և «Strawberry Fields Forever» ինքնակենսագրական երգերի, որոնք թողարկվել են 1967 թվականին փետրվարին «А» երկկողմանի սինգլով: