Ամենաբարձրահարկ հյուրանոցի կոչումը ստանալու համար մրցակցությունը դեռ շարունակվում է: Ու, թեև սինգապուրյան Marina Bay Sands երկնաքերը նրանցից ամենաբարձրահարկը չէ, բայց այն ունի մի հրաշալի և գրավիչ առավելություն` գետնից 200 մետր բարձրության վրա գտնվող ձեղնահարկ բացօթյա լողավազան:
Մի կողմից Marina Bay Sands հյուրանոցը քաղաքի կենտրոնից, որտեղ ավելի շատ են հավաքված լինում զբոսաշրջիկները, հեռու է գտնվում: Բայց այն ունի զբոսաշրջիկներին գրավելու հիանալի միջոց. հյուրանոցի 57-րդ հարկում տեղակայված հսկա լողավազանը, որից բացվում է այնպիսի տեսարան, որից շնչակտուր ես լինում և մարմնովդ սարսուռ է անցնում:
Լողավազան կարող են այցելել բոլոր նրանք, ովքեր կգնեն մուտքի տոմս ( 20 սինգապուրյան դոլարով. դա 11 եվրոյից մի փոքր ավելի է): Սակայն նրանց կթույլատրվի լողանալ լողավազանի մի մասում միայն: Մյուս մասը նախատեսված է հյուրանոցի հաճախորդների համար, որոնք, ի դեպ, օրական վճարում են 200 եվրո, որպեսզի օրվա մեջ ցանկացած ժամի կարողանան մուտք գործել և վայելել հրաշք լողավազանը:
Դեպի լողավազան օգտվողները բարձրանում են արագընթաց վերելակով, որն ունի դիտարկման տեղ , որտեղից երևում է ողջ քաղաքը: Ընդ որում` քաղաքով կարելի է հիանալ նաև 200 մետր բարձրությունից` ապակյա ձեղնահարկից:
Իհարկե ձեռնահարկում բացի լողավազանից կա նաև ռեստորան` քաղաքի և ծովի տեսարանով, սակայն ամենագլխավորը այնտեղ հենց լողավազանն է:
Արդարության համար պետք է նշել, որ լողավազանում, որպես այդպիսին, ոչ ոք չի էլ լողում: Լողողների մեծ մասը հենվում են նրա եզրերին, որը համընկնում է ձեռնահարկի եզրերի հետ, որպեսզի հիանան քաղաքի տեսարանով և սուր զգացողություններ ապրել` զգալով 200 մետր բարձրությունը: Այս «գրավչությունը» թույլ նյարդային համակարգ ունեցողների համար չէ: Լողողներին դիտելիս կարելի է նկատել, որ ոչ բոլոր «նորեկներն» են համարձակվում մոտենալ եզրին. ամեն դեպքում ժամանակ է պետք անսովոր իրավիճակին հարմարվելու և ադրենալինի մեծ չափաբաժնի համար:
Ձեռնահարկ բարձրանալու լավագույն ժամը երեկոն է` մայրամուտի ժամանակ: