Իսպանական Նավարրա ինքնավար շրջանի Մարսիլյա ամրոցը (La fortaleza de Marcilla) մեծամասշտաբ վերանորոգումից հետո պատրաստվում է ընդունել առաջին այցելուներին: Այդ պատմամշակութային կոթողը զբոսաշրջիկների համար կբացվի մայիս ամսվա վերջին հանգստյան օրերին: Գոթական քարե ամրոցը կառուցվել է 1429 թվականին Մարսիլյա քաղաքի կենտրոնում` Պամպլոնի մարզի մայրաքաղաքից 63 կմ հեռավորության վրա, Նավարայի թագավոր Կարլ III Ազնվազարմի հրամանով:
Այնուհետև այն դարձել է մարքիզ դե Ֆալսեսի նստավայրը, ով այստեղ հավաքել է զենքերի բազում տեսականի: Հենց այստեղ ավելի քան 400 տարի պահպանվել է լեգենդար մարտիկ Էլ Սիդի` «Տիսոնի» (Tizona) հայտնի սուրը: Նավարրայի իշխանությունները, 1980 թվականին ձեռք բերելով ամրոցը, սկսել են հնագույն հուշարձանի մեծամասշտաբ վերանորոգում իրականացնել, հայտնում է BuenaEspana:
Ամրոցի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 26-ին: Այս միջոցառմանը ներկա կլինեն նաև Մարսիլյայի ազնվական ընտանիքների ներկայացուցիչները: Մի քանի օրերի ընթացքում քաղաքի փողոցներում հնարավոր է տեսնել միջնադարյան աշուղների և թափառաշրջիկ դերասանների: Անմոռանալի մթնոլորտ կստեղծի նաև միջնադարյան ոճի տոնավաճառը: