ԱՄՆ-ում կբացվի առաջին Բլյուզի թանգարանը

Սենկտ Լուիսում (Միսսուրի) նախատեսվում է բացել առաջին ամերիկյան Բլյուզի թանգարանը` նվիրված երաժշտական հայտնի ժանրին: Բլյուզը` ամենահին և ամենատարածված ամերիկյան երաժշտական ժանրը, ինչպես պարզվեց, մինչ այսօր չի ունեցել անհատական թանգարան: Ավելի ճիշտ, Միսիսիպի նահանգում կա Դելտա-բլյուզ թանգարան, իսկ Չիկագոյում` թանգարան`  նվիրված Չիկագոյի բլյուզին, սակայն նրանց ցուցանմուշները ընդգրկում են միայն ժանրի որոշակի ուղղությունը:

Թանգարանի բացման ճշգրիտ ժամկետը դեռ պարզ չէ, սակայն ցուցահանդեսի սրահի ստեղծողները խոստանում են այցելուների համար թանգարանի դռները բացել արդեն 2013 թվականին: Ներկայումս աշխատանք է տարվում թանգարանի ներքին հարդարանքի համար: Թանգարանի բացման վայրը պատահական չէ ընտրված: Չէ որ հենց Սենկտ Լուիսն է համարվում բլյուզի հայտնի երաժիշտների ծննդավայրը: Նախագծի հեղինակի` Ռոբ Էնդիկոտի խոսքերով` Բլյուզի թանգարանը համալրված կլինի ամենավերջին տեխնիկայով, ինչը թույլ կտա այցելուներին  հնարավորինս մանրամասն ծանոթանալ բոլոր ցուցանմուշների հետ:

Բացի այդ, թանգարանում կգործի  «բլյուզի լաբորատորիա», որտեղ բոլոր ցանկացողները կարող են ձայնագրվել և իմպրովիզացիա անել հայտնի բլյուզ-երգիչների հետ: Մանավանդ, որ հատուկ երաժշտական կրթություն այցելուներից չի պահանջվի, չէ որ, ինչպես գրված է թանգարանի պաշտոնական կայքում,  «բլյուզը մեղեդի, ակորդ, ռիթմ և տոնայնություն  չէ: Բլյուզը հոգեվիճակ և կենսակերպ է»:

You might also like