Աբու Դաբիում բացվել է նոր տեսարժան վայր սպորտի սիրահարների համար
Սպորտային հրապարակներից կարելի է օգտվել բոլորովին անվճար։ Միայն պետք է վճարել հեծանիվների վարձակալման համար։
Արաբական Էմիրություններում հայտնվել է կղզի, որտեղ անվճար կարելի է ֆուտբոլ կամ թենիս խաղալ, վազել կամ այլ սպորտաձևով զբաղվել։ Այդ մասին գրում է Russian Emirates-ը։
Աբու Դաբիի իշխանությունները մի ամբողջ կղզի են տրամադրել սպորտային հարթակ ու ենթակառուցվածքներ պատրաստելու համար տարբեր սպորտաձևերով զբաղվելու համար։ ԱՄԷ-ի քաղաքային նախագծման վարչության և քաղաքապետարանի ներկայացուցիչ Ֆալահ Ալ Ահբաբի խոսքերով՝ սպորտային-ժամանցային օբյեկտները բացվել են Հուդայրյատ կղզում, որը դարձել է արաբական պետության մայրաքաղաքի նոր լողափնյա գոտին։
Այստեղ տեղ են գտել չորս ֆուտբոլային դաշտ, չորս վոյելբոլային և չորս բասկետբոլային հրապարակ, չորս թենիսի կորտ, երկու լողափնյա ֆուտբոլի դաշտ, վազքի և հեծանվասպորտի 5 և 10 կիլոմետրանոց ճանապարհ, ինչպես նաև՝ բացօթյա այգի։ Սպորտային գոտու ընդհանուր մակերեսը 30 քառակուսի կիլոմետր է։
Ֆալահ Ալ Ահբաբին նաև նշել է, որ կղզու ենթակառուցվածքները առաջիկա 20 տարում ավելի կզարգանան, կհայտնվեն նոր հավակնոտ նախագծեր։ Մասնավորապես, առաջիկայում սպորտային կղզին կունենա ճեմուղիներ, ռեստորաններ և սրճարաններ, մանկական խաղահրապարակներ, ջրային սպորտաձևերի կենտրոններ և այլն։