2018 թ․ հունիսի 15-ից Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին կսպասարկի նոր, արագ էլեկտրագնացք, որը ողջ ամառվա ընթացքում կաշխատի ամեն օր: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, տեղեկացրել է «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Երևանից գնացքը կշարժվի ժամը 15:30-ին և Բաթումի կհասնի հաջորդ օրը ժամը 07:10-ին: Բաթումից հակառակ ուղղությամբ գնացքը կշարժվի 15:40 և Երևանում կլինի հաջորդ օրը ժամը 07:25-ին: Գնացքն այսուհետ կկայանի նաև Սամտրեդայի կայարանում:
Տոմսի արժեքն ընկերությունը չի հրապարակել՝ նշելով, որ այն կախված կլինի, թե ինչպիսի վագոն եք նախընտրում: Նշվում է նաև, որ ուղևորների հոսքի ավելացման դեպքում գնացքի վագոնների թիվը կավելացվի:
Նշենք, որ մինչ այս երթուղին սպասարկում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքը: Ընկերության պաշտոնական կայքում դեռևս տեղեկություն չկա նոր գնացքի մասին:
Երևանից դեպի Քոբուլեթի և Բաթումի ուղևորափոխադրման սեզոնը սկսում է հունիս ամսից և շարունակվում մինչև սեպտեմբերի ամսվա կեսը։ Ամենամեծ պահանջարկը տվյալ ուղղություններով լինում է հուլիս-օգոստոս ամիսներին։