Ռոբերտ Դե Նիրոն բացում է հյուրանոց մեծահասակների համար Իսպանիայի հարավում
Դերասանը կրկին կհամագործակցի հայտնի ճապոնացի ռեստորատոր և շեֆ խոհարար Նոբու Մատսուխիսայի հետ։
Հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոն ընդլայնում է իր հյուրանոցային կայսրությունը՝ կառուցելով շքեղ հյուրանոց մեծահասակների համար պոպուլյար իսպանական Մարբելյա քաղաքում։ Դերասանի գործընկերը կրկին կդառնա հայտնի ճապոնացի ռեստորատոր և շեֆ խոհարար Նոբու Մատսուխիսան։
Մարբելյան հայտնի իսպանական առողջարանային քաղաք է Անդալուսիայում, որը հայտնի է 27 կիլոմետր ձգվող իր շքեղ ավազուտ լողափերով։ Դե Նիրոյի նոր հյուրանոցը կկոչվի Nobu Hotel Marbella և կընդգրկվի Nobu Hotels ցանցում․ գրում է բրիտանական Mirror պարբերականը։
Հյուրանոցը պատրաստվում է բացել իր դռները 2018 թվականի մարտին, բայց համարներ հյուրանոցի կայքում կարելի է ամրագրել արդեն այժմ։ Երկուսի համար մեկ գիշերվա ամենամատչելի համարը արժե 250 եվրո, իսկ շքեզ ֆիրմային լյուքսը կարժենա օրական 2 հազար եվրո։
Հյուրանոցը գտնվում է Մարբելյայի զբոսաշրջային կյանքի կենտրոնում, իսկ հյուրանոցի պատուհաններից երևում են բազմաթիվ բարերն ու ռեստորանները։ Ճաշել կարելի է նաև հյուրանոցում։ Nobu լաունջ ռեստորանը կներկայացնի ճապոնական խոհանոցի ուտեստներով ճաշացանկ, որոնց թվում է խոհարարական արվեստի արքա Նոբու Մատսուխիսայի ֆիրմային ուտեստը՝ սև ձողաձուկ և միսո։
Բոլոր լյուքսերն ունեն իրենց բացօթիկը, king-size մահճակալ և մարմարապատ լոգասենյակ։ Հյուրանոցը կունենա մեծ լողավազան, ինչպես նաև՝ ուղիղ մուտք դեպի Մարբելյայի ամենագեղեցիկ լողափերից մեկը։
Կարելի է ժամանակ անցկացնել նաև հյուրանոցի սպա սրահում։ Այստեղ հյուրերին կառաջարկեն տասնյակ պրոցեդուրաներ, այդ թվում՝ շոգեբաղնիք և համամ։ Ավելի ակտիվ հյուրերը կարող են մասնակցել յոգային և ֆիթնեսին․ գրում է Newsru-ն։